ԼԱՍՏԻՎԵՐ

Լինում է, չի լինում, մի չքնաղ երկիր, անունը` Հայաստան, իսկական դրախտավայր` լի կանաչ ու փարթամ անտառներով, քչքչան զուլալ գետերով ու հրաշագեղ ջրվեժներով: Նրա մի գողտրիկ անկյուններից մեկում գտնվում է Լաստիվերը` տաքնված անտառների հետևում: Իսկական հեքիաթային տեսարան!
Այս անգամ մեր խումբը լավ հավեսով մեծ էր, 40-ից ավելի մասնակից, ովքեր ուզում էին ծանոթանալ մեր բնության հրաշքներին, վայելել մաքրամաքուր օդը ու այս ամենի հետ միասին անմոռանալի ժամանակ անցկացնել հին ու նոր ընկերների հետ: Նրանց թվում էր նաև 70-ն անց մի պապիկ, ով բոլորի հետ հավասար առանց տրտնջալու քայլում էր առաջ` հաղթահարելով բոլոր դժվարությունները, որ մեզ համար կարող էին խաղ ու պար տվալ:  Կազմակերպչական խումբն էլ փոքր չէր, համապատասխանում էր նման մեծ խմբին: Հավասարաչափ բաժանվեցինք, խառնվեցինք մասնակիցների հետ, տողան կազմեցինք ու էդպես շարքով կարգով շարժվեցինք Ենոքավանից դեպի Լաստիվեր: Լաստիվերը տարվա բոլոր եղանակներին շատ սիրուն ու յուրօրինակ տեսք ունի, բայց նաև երբեմն դժվարություններ էլ են հանդիպում, ասենք` ձմռան առատ ձյունը, որ խրվում ես մեջը կամ ամռան վարար առվակներից առաջացած ցեխերը, որ մի քիչ դանդաղացնում են շարժման ընթացքը: Չնայած ցանկացած դեպքում ջրվեժին հասնելու ցանկությունն այնքան ուժեղ է լինում, որ էլ աչքիդ ոչ մի բան չի երևում: Այս անգամ նման ոչ մի խանգարող բան չկար. ճանապարհը լավ չոր էր, էլ չասած, թե ինչքան սիրուն էր ամեն ինչ: Չորս կողմը կանաչ էր, վայրի պտղատու ծառերն էլ ծաղկած էին, շաատ սիրուն էր:
Քայլեցինք մոտ 1,5 ժամ, ճանապարհին պատմեցինք իշաձորի, յոթ կիկլոպների թախտի մասին, մինչև հասանք “Անապատ”, այսինքն Լաստիվերի հանրահայտ երկհարկ քարանձավ: Շատ հետաքրքիր է հետևել մարդկանց հայացքներին, երբ “Սատանի կամուրջի” վրայից վախվխելով իջնում են, չգիտեն` ուր, ու հանկարծ իրենց դիմաց բացվում է նման տեսարան`քարանձավ, որի պատերին մեեծ դեմքեր են քանդակված, որոնք կարծես տոտեմներ լինեն, ու նույն պատերի ներսում նաև խաչքարեր են տեղադրված. երկու տարբեր ժամանակներ միախառնվել են իրար… Սակայն շատ քչերը գիտեն քանդակների իրական հեղինակին ու նրա պատմությունը:

“Լաստիվեր” քարանձավը

Մի քիչ կանգնեցինք, հիացանք այդտեղից բացվող հրաշք տեսարանով, արշավի մասնակիցներին պատմեցինք Լաստիվերի “Անապատ” ու իրական “Լաստիվեր” քարանձավների մասին, որոնք համացանցում շատ հաճախ նույնացվում են և սխալ տեղեկատվության աղբյուր դառնում: Այդտեղից արդեն բավականին ուժեղ լսվում էր Աղստև գետի քչքչոցը, մենք արդեն շատ մոտ էինք մեր վերջնակետին: Մի քանի րոպե քայլելուց հետո հասանք տեղ: Տեսարանը աննկարագրելի սիրուն էր, թարմություն էր զգացվում, նոր կյանքի սկիզբ:
Մի քիչ զբոսնեցինք, կրակ վառեցինք, նստեցինք շուրջը, հաց կերանք, տարբեր զվարճալի խաղեր խաղացինք, փոքր խմբով գնացինք “Լաստիվեր” քարանձավի մոտ, որտեղ բարձրանալ ցավոք անհնարին է: Մի քիչ նստեցինք մոտակայքում, մտովի ժամանակը հետ տվեցինք, պատկերացրեցինք, թե ինչպես են մարդիկ ժամանակին պատսպարվել թշնամիներից այդ անձեռնմխելի քարանձավում, վերապրեցինք նրանց ապրումները ու վերադարձանք հիմնական խմբի մոտ:
Մի քանի ժամ էր` գետի մոտ հանգստանում էինք, շուտով մթնելու էր, հավաքվեցինք ու ճանապարհ ընկանք նորից դեպի Ենոքավան, որտեղից և սկսվել էր մեր քայլարշավը: Ոչ ոք չէր ուզում հեռանալ այդ հեքիաթային վայրից, բայց քանի որ արդեն ժամանակը սուղ էր, պետք էր շտապել: Էլի 1,5 – 2 ժամ անց մենք արդեն մեքենաների մոտ էինք: Բոլորը հոգնած էին, բայց շատ երջանիկ` լիցքավորված բնության պարգևած անսպառ էներգիայով:

Օրը համարում ենք ստացված, տպավորությունները, ինչպես միշտ, անմոռանալի!

Վայելեք կյանքի պարգևած ամեն մի ակնթարթը…

Կհանդիպենք 🙂


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s