ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ. ԼՈՌԻ

Ու կրկին մենք հավաքվեցինք ու գնացինք Երևանից հեռու` վայելելու հրաշք բնության պարգևած գանձերը: Օրակարգում մի քանի կանգառ էր նախատեսված` Քոբայր, Սանահին, Ախթալա, Հաղպատ, բայց օրը սկսվեց Դեբեդ գետի վրա կառուցված էքստրեմալ ճոպանուղով: Վերջինս հավանաբար կառուցվել է տեղի գյուղացի ձկնորսների կողմից, բայց տարիների ընթացքում ոչ այնքան ապահով լինելու պատճառով սկսվել է քիչ օգտագործվել: Այն մի կողմից ապահով է, բայց մյուս ծայրը հազիվ ամրացված է գետի մյուս ափի հանդիպակած քարերից, այնպես որ ամեն պահի կարող է կապը թուլանալ ու … մեկն ու մեկի բախտը հաստատ չի բերի 🙂
Բայց ադրենալինի զգացողությունը մեզ համար է, ու մենք հաստատ բաց չէինք թողնի հորդառատ գետի հոսքին հենց կենտրոնից նայելու հաճույքը:
Եվ այսպես, հերթով բախտներս փորձելուց ու թեթև նախաճաշ անելուց հետո շարժվեցինք դեպի Քոբայր, վանական համալիր` բաղկացած 3 եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից։:
Քոբայրի վանքը եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։ Որպես մենաստան կազմավորվել և հռչակվել է XIIIդ. 1-ին կեսին։ Այդ ժամանակ այն Կյուրիկյաններից արդեն անցել էր Զաքարյաններին, ընդունել քաղկեդոնականություն։ Մեծ եկեղեցում պահպանված որմնանկարները միջնադարյան հայկական մոնումենտալ գեղանկարչության նշանավոր հուշարձաններից են:
Մարդկանց աչքից հեռու թաքնված այս գանձը գտնվում է ժայռի եզրին` մի կողմից նայելով ետևի մասում գտնվող քարանձավին, որը ժամանակին թաքստոց է եղել: Քարանձավի վերևից թափվող ջուրը յուրահատուկ համ ունի, որ ոչ մի ուրիշ տեղ չես գտնի, իսկ բնությունը ուղղակի հիասքանչ է` լրացված խիտ կանաչով ու գետի քչքչոցով: Այնքան հանգիստ էներգետիկ դաշտ էր այդ տարածքում, չէինք ուզում հեռանալ: Կարելի էր անվերջ նստել ինչ-որ մի քարի ու վայելել խաղաղության զգացումը, բայց մենք դեռ շատ տեղեր ունեինք գնալու ու ստիպված շարժվեցինք առաջ:
Հաջորդ կանգառներն էին Սանահինը, Ախթալան և Հաղպատը: Մի քիչ պատմեմ դրանց մասին 🙂

Սանահին. 9-10դդ եկեղեցական համալիր, բաղկացած 3 եկեղեցիներից` Սբ. Հակոբ (9-րդ դար), Սբ. Աստվածածին (928 – 944թթ). և Ամենափրկիչ` 966թ, 3 գավիթներից, զանգակատնից, գրատնից և ակադեմիայից: Եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց` ճեմասրահով, դրան կից հարուստ գրադարան: Վանքի ակադեմիան` Մագիստրոսի ճեմարանը կառուցվել է Xդ. վերջին XIդ. սկզբին, Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիների միջև ընկած տարածքում։ Հայտնի է իր ասեղնագործ խաչքարերով, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են:

Հաղպատ.  Համալիրի կազմում են Ս.Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքրաչափ եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատունը, գրատունը, զանգակատունը, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր։ Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։ Հաղպատը պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա` Զաքարյաններին։ Իվանե Ջաքարյանի հրամանով 1223թ.-ին վանքի միաբանության պաշտպանության համար մոտակայքում կառուցվում է Հաղպատի ամրոցը։ Հաղպատի դպրոցում ուսուցանել են քերականություն, հռետորության, փիլիսոփայություն, աստվածաբանություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Հաղպատը հայտնի էր նաև իր մանրանկարչական դպրոցով։
Հաղպատի գրադարանը միջնադարում հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր։ Հիմնվել է XIդ., Հաղպատի վանքի Ս.Նշան եկեղեցու մոտ։ Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրերը, որոնք ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր են կատարել։
Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան։
Ախթալա.  X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր: Ներկա տեսքով կառուցվել է Զաքարյան նախարարական տոհմի ներկայացուցիչ, հունադավանություն ընդունած Իվանե Զաքարյանի կողմից: Ամրոցի ներսում է գտնվում Ախթալայի վանքը` բաղկացած 3 եկեղեցուց, զանգակատնից, սրահից և քարաշեն կացարաններից։ Վանքի գլխավոր եկեղեցին Ս.Աստվածածինն է (XIIIդ.), որի պատերը ներսից ծածկված են Հին ու Նոր Կտակարանների առանձին դրվագներ պատկերող երկշերտ որմնանկարներով։ Գլխավոր աբսիդում նկարված է գահին նստած Աստվածամայրը, այլ սրբերի շարքում` Գրիգոր Լուսավորիչը։
Հետաքրքիր պատմություն ունի Ախթալայի վանքը: Այնտեղ ներկառուցված թաքստոց կա, որտեղ ժամանակին մի ամբողջ գյուղի բնակիչներ թաքնվել են թշնամուց, ու երբ թշնամիները մտել են եկեղեցի, ոչ ոքի չեն գտել: Միայն ներսից երեխայի լացը լսելուց հետո գլխի են ընկել թաքստոցի մասին ու կրակել եկեղեցու պատին, գտնում թաքնված գյուղացիներին ու սպանում: Գնդակը կպնում է Աստվածամոր դիմապատկերին, սակայն դուրս գալուց հրաշքով չի վնասում եկեղեցու դրսի կողմից երևացող խաչը…
Այսպիսի բազմաբովանդակ ու հրաշքներով լի էր մեր օրը: Ու այն ինչպես միշտ համարում ենք ստացված ու անմոռանալի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s