ԲԱՐԵՎ ԱՐՑԱԽ…

Բարև, Արցախ: Ես էլի գալիս եմ քեզ մոտ: Շուտով մի տարի կլինի, որ չենք հանդիպել, կարոտել եմ: Ամեն ծառիդ ու թփիդ, ամեն քարիդ ու ջրիդ, սարերիդ ու քամիներիդ… կարոտել եմ! Գալիս եմ!
Ինչ լավ է, որ իմ Extreme ընկերների հետ նորից կարող եմ գալ քեզ հյուր, այն էլ 5 օրով: 
Եվ այսպես…
Օր 1: Ճանապարհ ընկանք առավոտյան 4-ին, երկար ճանապարհ ունենք գնալու: Ճանապարհին հասկացանք, որ եղանակը այդքան էլ մեր կողմից չի: Անձրև սկսվեց ու գնալով ուժեղանում էր: Բացի դա, մեքենայի հետ որոշ խնդիրներ առաջացան, ու մի քանի անգամ չնախատեսված կանգառներ արեցինք: Առաջին իսկ հնարավորության դեպքում մեքենան պետք է զննել ու նորոգել, թե չէ նախատեսվածից երկար կմնանք Արցախում: 
Որոշվեց պլանները մի քիչ փոխել ու առաջին օրը Շուշիի փոխարեն ուղևորվել դեպի Գանձասար:  Անցնելու էինք Ստեփանակերտով: Չի կարելի մտնել Ստեփանակերտ ու չհամտեսել տեղի ժինգյալով հացը, որ պատրաստվում է շատ ու շատ տարբեր հատուկ խոտերից, որոնք Հայաստանում ամեն տեղ չի, որ կարող ես գտնել: Անմահական համեղ էր! Ու քանի որ մեր արտասահմանցի ուղեկիցները մի քիչ գործեր ունեին քաղաքում, մենք ժամանակը չկորցրեցինք ու, կուշտ ժինգյալով հաց ուտելուց հետո, մի քիչ զբոսնեցինք Ստեփանակերտի հրապարակում և կից այգիներում: Նախանձելի մաքուր ու հանգիստ քաղաք էր, ոչ մի տեղ ավելորդ աղբ չկար թափված, իսկ անձրևն իր հերթին լվացել էր ամբողջ քաղաքը: Կարելի էր անվերջ զբոսնել ու վայելել այդ հանգստությունը…
Բայց մենք ժամանակ չունեինք ու պետք է առաջ շարժվեինք: Հաջորդ կանգառն ու գիշերակացը Գանձասարում էր՝ 13-րդ դարի եկեղեցական համալիր, որը միշտ իր հյուրընկալ դռները բացում է մեր ու մնացած այցելուների դիմաց: Գանձասարը իր վեհ տեսքով կանգնած է Վանք գյուղից քիչ վերև՝ բլրի գագաթին, իսկ անունը ստացել է դիմացի սարից, որի ընդերքում արծաթի հանքեր են: 
Երբ հասանք տեղ, էլի անձրև էր գալիս, բայց քանի որ գիշերելու էինք էնտեղ, պետք էր մինչև մութն ընկնելը վրանները ամրացնել: Ու մեր տղաները անցան գործի: Մինչ իրենք դրսում՝ անձրևի տակ վրաններն էին ամրացնում, մենք՝ աղջիկներս, տաք-տաք տեղավորվել էինք մեզ գիշերելու համար հատկացված պատմական սենյակում ու սպասում էինք, թե երբ են տղաները վերջացնելու իրենց գործերը, որ մենք էլ մեր հերթին կերակրենք նրանց: Ընթրիքին նաև ծնունդ ունեինք նշելու, մեր Գևորգ ձյաձյայի ծնունդն էր! Իսկ արդեն ընթրելուց հետո հավաքվել էինք մեր սենյակում ու վայելում էինք կիթառի հնչյունները: 
Օր 2: Լույսը բացվելուն պես անցանք գործի: Պետք է իրերը հավաքեինք, խորոված անեինք (ինչը նման եղանակային պայմաններում համարյա անհնար էր. չոր փայտ չկար) ու շարժվեինք առաջ: Մինչև հեռանալը վազելով գնացինք դեպի “Հակոբի քար”, հիացանք Գանձասարին հեռվից ու բարձր տեղից նայելով ու վերադարձանք: Երկար օր էր սպասվում, պիտի հասնեինք Դադիվանք:
Բայց մինչև Դադիվանք հասնելը կանգառ արեցինք Վանք գյուղում: Ո՞վ չի լսել հսկա քարե առյուծի մասին: Բա մի հատ հետը չնկարվեի՞նք: Շաաատ կարևոր գործ էր դա! Բայց ավելի կարևոր էր այցելել Վանքի գազանանոցը, որտեղ բոլոր կենդանիներին, բացի առյուծներից, բռնել էին տվյալ տարածքի անտառներից: Գայլեր, արջեր, վարազներ, չախկալներ (шакал), լուսաններ ու տարբեր տեսակի թռչուններ. սրանք այն կենդանատեսակներն էին, որոնց մենք հանդիպեցինք Վանքի գազանանոցում: Ափսոս միայն վանդակներն էին շատ փոքր, խեղճ կենդանիները շարժվելու տեղ չունեին 😦
Գազանանոցից հետո գնացինք դեպի “Ծովին քար” կոչվող հանգստավայր, որտեղ մեր խմբի անվախները մոտ 3մ բարձրությունից ջրացատկեր էին իրականացնում: Նրանց թվում էր նաև մեր Գևորգ ձյաձյան, ով, ինչպես պարզվեց, ժամանակին ջրացատկ էր պարապել:
Մի լաաավ հանգստանալուց, սառը ջրում լողալուց ու լիքը ջրիկ նկարներ անելուց հետո կրկին ճանապարհ ընկանք՝ այս անգամ դեպի հեքիաթային Դադիվանք, որտեղ և գիշերելու էինք:
Օր 3: Երեկո էր, երբ հասանք Դադիվանք: Էլի անձրև էր գալիս: Գետինը շատ թաց էր: Գյուղապետն առաջարկեց գիշերել մի կիսակառույց տան մեջ, որտեղ քիչ թե շատ հարմար էր. 5 աստղանի հյուրանոց չէր, բայց գոնե գլխներիս տանիք կար: Սակայն, չնայած այս ամենին, խմբի անդամներից մի քանիսը նախընտրեցին գիշերել դրսում՝ վրանների մեջ, վայրի հանգիստը լիովին վայելելու համար: Էլի մեր պլաններն անձրևն իրար խառնեց, ուզած-չուզած փակվեցինք մեր փոշոտ, բայց չոր սենյակում, կերանք, խմեցինք, երգեցինք, խաղեր խաղացինք ու գնացինք քնելու: Ես էլ մի քանի խենթի հետ միասին որոշեցի գիշերել վրանում:
Դա մի ուրիշ տեսակի հաճույք է, երբ քնում ես վրանում, տեղավորվելով քնապարկի մեջ: Ամբողջ գիշեր անձրևը թխկթխկացնում է վրանի տանիքին, լսվում է քամու սվվոցը, իսկ առավոտյան, երբ բացում ես վրանի “դուռը”, խորը շունչ ես քաշում ու թարմ օդը լցվում է թոքերդ… աննկարագրելի զգացողություն է!
Առավոտյան, երբ լույսը բացվեց, նախաճաշեցինք ու գնացինք էքսկուրսիայի Դադիվանքի տարածքով: Ծանոթացանք I դարի վանական համալիրի ամեն մի կառույցի հետ՝ եկեղեցիներ, հացատուն, իջևանատուն, գինու գործարան/պահեստ և այլն: Դադիվանքի տեղանքը ուղղակի դրախտավայր էր հիշեցնում՝ Մռավի լեռների անտառների մեջ տաքնված շողացող եկեղեցի, որտեղից լսվում էր Թարթառ գետի վարարած ջրերի ձայնը:
Դադիվանքից հետո քայլեցինք դեպի Լացող քար կամ ինչպես ասում են՝ Զեյնաբի աղբյուր: Սա մի ջրվեժ է Դադիվանք գյուղի եզրին, որի սառը ջրերը թափվում են բարձր ժայռերից: Շատ սիրուն էր: 
Լացող քարին հաջորդեց Կուսանաց անապատը՝ իր սբ. Աստվածածին միանավ եկեղեցով:  Կից կառուցված են եղել միաբանական սենյակներ, որոնք տարիների ընթացքում քանդվել են:
Եկեղեցու տարածքում խումբը ցրվեց: Ամեն մեկս առանձնացանք մի տեղ և մի ամբողջություն կազմեցինք բնության ամեն մասնիկի հետ՝ զգալով ամեն կենդանու, թռչնի ներկայությունը, քամու ձայնը, գետի քչքչոցը… այնքան հանգստություն կար այդ ամենի մեջ՝ հեռու քաղաքի փոշուց ու կեղտից, անգամ սեփական մտքերից, այն աստիճան, որ մի պահ մոռացել էինք ժամանակի գոյության մասին:
Վերադարձանք գյուղ, ճանապարհին դանդուռ ու եղինջ էինք հավաքում, որ ընթրիքին յուրահատուկ ուտելիքներ պատրաստեինք: Վատ չստացվեց 🙂 Բնության գրկում, ծառերի տակ ուրախ տրամադրությամբ ընթրելուց հետո արագ հավաքվեցինք ու ճամփա ընկանք՝ այս անգամ դեպի Զուար: Կոչվում է նաև Ջերմաջուր: Գտնվում է Քարվաճառից քիչ հեռու՝ թարթառ գետի ափին: Զուարը բնական հեյզեր է, որի ջրի ջերմաստիճանը հասնում է 70 աստիճանի (կամ գուցե և ավելի): Ունի բուժիչ հատկություններ, որի պատճառով հարակից տարածքում ժամանակին առողջարաններ են գործել: Այժմ միայն անհատ մարդիկ կամ խմբեր կարող են գալ, լոգանք ընդունել տաք ջրերում ու շարունակել իրենց ճանապարհը: Մենք նույնպես չկորցրեցինք մեր հնարավորությունը օգտվելու այս հրաշք ջրի տված բարիքներից: Մի լաաավ լողացանք, տաքացանք ու գիշերով ճամփա ընկանք դեպի հաջորդ արկածներով լի վայրերը:
Օր 4: Առավոտյան հասանք Ասկերան, կանգնեցինք բերդի մոտ, ծանոթացանք պատմությանը ու շարժվեցինք առաջ:
Վերջապես հասանք երկար սպասված Ազոխի քարանձավին, որտեղից պեղումների ժամանակ հայտնաբերվել է նախամարդկանց կմախքի մասեր, գործիքներ և այլն: Քանի որ այն մեր կողմից դեռ լավ ուսումնասիրված չէր, մենք միայն 2 սենյակ էինք մտնելու: Սակայն այն ինչ մենք տեսանք ներսում ամեն ինչ արժեր: Խոսքս միլիոնավոր չղջիկների մասին է, որ հենց մտանք ներս խառնվեցին իրար ու սկսեցին ամբողջ քարանձավով մեկ թռնել: Կյանքումս երբեք այդքան շատ չղջիկ մի տեղ չէի տեսել: Բառեր չեմ գտնում, որ նկարագրեմ, թե ինչ  տեսարան էր: Իսկ ահռելի բարձր առաստաղներ ունեցող սենյակների միջև նեղ միջանցքներով տեղաշարժվելիս հնարավոր չէր խուսափել այդ նույն չղջիկների հետ շփումից, քանի որ ուզաց-չուզած կպնում էինք թռնող էակներին: Խեղճ կենդանիներ, տեսնես քանի՞սը մեր այցից հետո ուշքի չեն եկել մինչև հիմա: Գնացինք, իրենց համար հանգիստ ապրող չղջիկներին հիշեցրեցինք, որ էս աշխարհում բացի իրենցից էլի կենդանի էակներ կան ու դուրս եկանք:   

Եկավ ժամանակը, որ մի քիչ հանգստանանք: Այդ պատճառով որոշեցինք գնալ մի վայր, որ կոչվում է “Տնջրի ծառ”՝ հանրահայտ 2000 տարեկան հսկա ծառի պատվին: Տնջրի ծառը նույն Չինարին է: Հսկա մի ծառ, որի բունը ճեղքվել է կայծակներից, բայց շարունակում է աճել ու բարձրանալ: Ամրացրեցինք վրանները, տեղավորվեցինք ու անցանք գործի: Տղաները կրակ վառեցին, խորոված արեցին: Բոլորս միասին նստել էինք կրակի մոտ, տաքանում էինք, կատակներ անում: Տղաներից մեկը կիթառը վերցրեց ձեռքը ու սկսեց ինչ որ բան նվագել: Քիչ քիչ բոլորը միացան ու սկսեցինք տարբեր երգեր երգել մինչև ուշ գիշեր: Երբ հոգնեցինք, գնացինք քնելու: Գիշերվա կեսին գայլերը սկսեցին “երգել”: Չախկալներն էլ ձայնակցում էին նրանց: Որոշ ժամանակ անց զգացինք, որ “հյուրեր” ունենք: Չգիտեմ, թե երգողներից որ մեկն էր մեզ հյուր եկել, կամ գուցե արջերին էին ուղարկել ստուգելու, թե ո՞վ է ներխուժել իրենց տարածք: Ամեն դեպքում, ով էլ որ եկել էր, զգաց, որ ավելի լավ է մեր հետ գործ չունենա, ու սուս-փուս հեռացավ մեր վրանների մոտից: Ճիշտն էլ ինքն արեց 🙂
Օր 5:  Կլոր լուսինն անցավ թաքնվեց սարերի ետևում ու իր տեղը զիջեց վերջապես ամպերի ետևից դուրս եկած արևին: Շարժվեցինք դեպի Շուշի: Այցելեցինք սպիտակ քարից կառուցված սբ. Ղազանչեցոց եկեղեցի, որն իր արտաքին տեսքով բավականին տարբերվում է հայկական մյուս եկեղեցիներից: Կտրուկ անցում արեցինք դեպի 19-րդ դարի պարսկական մզկիթ, որը պահպանվում է Արցախի Հանրապետության կողմից՝ որպես պատմական հուշարձան: Հերթը հասավ մեր վերջին նշանակետին՝ Հունոտի կիրճ: Շատ երկար տարիներ առաջ այստեղով է անցել հայտնի Մետաքսե ճանապարհը: Մոտ մեկ ժամ քարերի վրայով, անտառների միջով անցնելուց ու գետանցում անելուց հետո հասանք հանրահայտ “զոնտիկներին”, որն իրականում շատ գեղեցիկ մի ջրվեժ է, որտեղ մեր խենթուկները հերթական ջրացատկերն արեցին:
Ժամանակ չունեինք, դեռ պետք է հասնեինք Երևան: Վերադարձանք Շուշի, որոշեցինք ճանապարհ ընկնելուց առաջ մի փոքր հաց ուտել, բայց հարևան տան բնակիչները մեզ հրավիրեցին հացն իրենց տանն ուտելու: Լրիվ անծանոթ մարդիկ էին, բայց մեզ ընդունեցին ինչպես հին ընկերների: Հերթական անգամ հիացա Արցախցիների հյուրընկալությամբ: Անչափ շնորհակալություն մեր նոր ընկերներին!
Ուշ երեկոյան շարժվեցինք դեպի Երևան: Այնքան էինք մտերմացել այդ 5 օրվա ընթացքում ու սովորել վայրի հանգստին, որ չէինք ուզում վերադառնալ: Բայց պետք էր… Երկաաար շատ երկար գիշերվանից հետո՝ լուսադեմին վերջապես հասանք Երևան: Բոլորս հոգնած, կիսաքնած դեմքերով իրար մի կերպ հրաժեշտ տվեցինք ու գնացինք տուն՝ փափուկ անկողնում քնելու. չգիտեմ ում մոտ ինչպես կստացվեր, բայց 5 օր քնապարկում քնելուն սովորելուց հետո մի քիչ դժվար է վերադառնալ քաղաքակիրթ կյանքին: Ինչևէ, մենք արդեն Երևանում ենք, տանը: Սպասում ենք արկածներով լի հաջորդ արշավներին…
Փոքր ժամանակ ես էլ շատ աղջիկների պես օրագիր ունեի, որտեղ ամեն ինչ օրերով գրում էի: Արցախի մասին գրելիս համ մանկությունս հիշեցի, համ վերապրեցի այն ամենն, ինչ պարգևում է այդ հեքիաթային երկիրը, համ էլ նորից ուզեցի անցնել այդ երկար ճանապարհը՝ մեր բնության գանձերը ևս մեկ անգամ վայելելու ակնկալիքով: 
Իմ Արցախ, ես դեռ էլի կգամ!!!
Հ.Գ. Այս ամենը հիմնված է իրական փաստերի վրա, ոչինչ հորինված չի: Որոշ փաստեր բարձրաձայնված չեն՝ մեր իսկ անվտանգությունից ելնելով: Դե գնացեք ու մտացեք, թե ինչեր եք բաց թողել ))))))))

3 thoughts on “ԲԱՐԵՎ ԱՐՑԱԽ…

  1. Zar jan erbeq chem exel Xarabaxum, baic misht erazel em((,gites vor shat ei uzum gaji, chstacvec((, baic qo graci shnorhiv akamajic hajtnveci ajntex ev cez het miasin vajeleci ajd amen@, mersi shaaat:**))) Satine Apresyan

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s