ԷՔՍՏՐԵՄԱԼՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԻՄԱԼԱՅՆԵՐՈՒՄ. ԱՆՆԱՊՈՒՐՆԱ

Նախաբանի փոխարեն…
Հոկտեմբերի 1-ն էր, 2012 թվական: Մի քանի ամիս առաջվանից արդեն պլանավորած  էր այս ճանապարհորդությունը: Ճամփորդություն դեպի խորհրդավոր Նեպալ՝ լի գաղտնիքներով ու անակնկալներով: Մեր հիմնական նպատակն էր անցնել Աննապուրնա լեռնաշղթայի շուրջ ընկած ճանապարհով, հասնել բարձրադիր լեռնանցումին, ծանոթանալ տեղի մշակույթին, մարդկանց, բարքերին, ապրելակերպին և պատմություններին: Մեր Ճամփորդությունը տևեց 1 ամիս, որի ընթացքում հասցրեցինք փոքր-ինչ ծանոթանալ նաև Հնդկաստանին, քանի որ մեր երթուղին սկսվում և ավարտվում էր Դելիում: Այն ինչ մենք տեսանք ու զգացինք մեզ նոր հույզեր ու էներգիա հաղորդեց, որը դեռ երկար ժամանակ ուղեկցելու է մեզ, բայց և աննկարագրելի մագնիսական ուժով կանչում է հետ: Կարող եմ վստահ մի բան ասել, որ Նեպալը լիովին այլ աշխարհ է, որտեղ կտրվում ես իրականությունից, միավորվում “բնություն” կոչվող հրաշքի հետ և զգում, թե ինչ է իրական ներդաշնակությունը: Բառերով այս ամենն իրականում լիարժեք նկարագրելն անհնար է, սակայն կփորձեմ ներկայացնել հնարավոր ամեն ինչ, այն ինչ տեսանք, ինչեր զգացինք, ինչ տպավորություններ ստացանք և այլն: Ճանապարհը երկար էր, իմ պատմությունը՝նույնպես: Բայց հույս ունեմ, որ կարդալիս գոնե մտովի կտեղափոխեմ ձեզ այն վայրերը, որոնք մեզ այսքան ոգևորել ու հաճելի օրեր են պարգևել անծայրածիր հորիզոններով շրջապատված մի դրախտավայրում…
Եվ այսպես, գնացինք: Ուղղությունը՝ Հիմալայներ!!!



Օր 1. Լուսաբացը Դելիում
Օրը փոխվեց, երկար թռիչքից հետո վերջապես տեղ հասանք: Դեռ գիշեր էր, փողոցները համեմատաբար դատարկ էին, բայց արդեն կարելի էր պատկերացնել, թե ինչ անակնկալներով լի էր լինելու մեր ուղևորությունը: Օդի տարբերությունը դրա առաջին նախանշանն էր: Յուրահատուկ հոտ էր գալիս, վատ հոտ: Փողոցում մարդիկ քնաց էին որտեղ պատահի: Հենց առաջին օրով կարևոր ու հետաքրքիր տեղեկություն ստացանք հյուրանոցի աշխատողներից. փողոցում ալկոհոլ օգտագործելն արգելվում է! Անգամ պատվիրված հնդկական գարեջուրը հյուրանոցի համար բարձրացրեցին ինչ-որ կտորի մեջ փաթաթած: Գարեջուրը վատը չէր, խմեցինք, ծանոթացանք ու որոշեցինք գոնե մի քիչ քնել, հանգստանալ, չնայած արդեն լույսը բացվել էր: Մոտ 2-3 ժամ քնելուց հետո դուրս եկանք քաղաքով շրջելու: Այ այստեղ մենք տեսանք, թե որն է Դելին: Օդի տարօրինակ հոտն ավելի էր ուժեղացել, փողոցում քայլելու տեղ չկար. մարդիկ, մեքենաներ, տուկտուկներ ու շատ-շատ աղբ… Ահավոր կեղտոտ էր ամեն ինչ: Բոլորը ինչ-որ տեղ էին շտապում, բոլորը տաքսի էին առաջարկում, ինչ-որ բաներ էին վաճառում: Իսկ մի պատի տակ մեկը սառնասրտորեն փայտով ծեծում էր մի տղայի՝ առանց դեմքի մկաննեն անգամ շարժելու, իսկ ինչ-որ մի “ոստիկան” բռնել էր այդ տղային, որ ոչ միայն չփախնի, այլ “ծեծվելու” համար հարմար կանգնի: Դաժան տեսարան էր, որին ոչ ոք չէր էլ մտածում միջամտել:
Երկար փնտրելուց հետո գտանք մի ռեստորան, որը նորմալ տեսք ուներ և կարևորը մաքուր էր: Փորձեցինք տեղական բլիթ, որը չգիտեմ ինչով էր, բայց շատ համով էր: Հետը բազմատեսակ սոուսներ էին մատուցել՝ մեկը մյուսից հետաքրքիր համերով: Այս ամենն իրար հետ կոչվում էր Մասալա Դոսա: Շատ լավն էր:
Մի քիչ քայլեցինք, սառը սուրճ խմեցինք ու որոշեցինք վերադառնալ հյուրանոց: Շատ շոգ էր, օդն էլ խոնավ ու փոշոտ: Չէի ասի, որ քաղաքով քայլելն այդքան հաճելի էր, առավել ևս, երբ այդ ամենին գումարվում են փողոցում ամեն քայլափոխին գետնին պառկած կեղտոտ թմրամոլները, չնայած նրանց կողքին ուրախ վազվզում էին փոքրիկ սկյուռիկները: Դեռ ոչ մի ոգևորիչ բան չտեսանք:
Երեկոյան նորից դուրս եկանք մի քիչ զբոսնելու: Ամբողջ թաղամասը ողողվել էր գունավոր լույսերով զարդարված գովազդներով: Շուկան բացվել էր: Այստեղ կարելի էր գտնել ցանկացած իր, հագուստ, հինա, նվերներ: Ու բոլորը ստիպում էին, որ մի բան գնես: Ի դեպ, այդ օրը Ինդիրա Գանդիի ծննդյան օրն էր!
Օր 2. Ճանապարհ դեպի Նեպալ
Առավոտյան վաղ մեքենան եկավ մեր հետևից: 6:30 էր: Իրերը տեղավորեցինք մեքենայի մեջ ու վրա, տեղավորվեցինք ու ճանապարհ ընկանք: Մոտ 2 ժամ տևեց, մինչև Դելիից դուրս եկանք: Այն բավականին մեծ էր, իրարից տարբերվող թաղամասերով: Բայց անգամ ամենալավ թաղամասում նույն կեղտն էր, նույն ահավոր հոտը ու նույն կերպ փողոցում գիշերող մարդիկ ամեն անկյունում: Ամբողջ օրը ճանապարհը նույնն էր թվում. նույնատիպ բնություն, հազվադեպ հանդիպող աղքատիկ գյուղեր ու շատ-շատ բեռնատարներ: Էստեղ երթևեկությունը անկանխատեսելի է: Բոլորը վարում են առանց կարգ պահպանելու, իրար դիմաց են դուրս գալիս ու անընդհատ ձայնային ազդանշանը սեղմած են պահում: Մի խոսքով՝ աղմկոտ ու վտանգավոր:
Բոլորս արդեն շատ էինք հոգնել մի քանի ժամ մեքենայի մեջ նստելուց, բայց անգամ ճանապարհի կեսն էլ չէինք անցել: Առավոտյան 7-ի կողմերը հասանք սահման: Լրացրեցինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և մի քանի րոպեից մեր Նեպալի թույլտվությունը պատրաստ էր: Սահմանը կարծես առանձնացնում էր ոչ միայն երկրները, այլ անգամ օդն էր ուրիշ: Հոտ չէր գալիս! Բնությունը կտրուկ տարբերվում էր, սկսեցին հանդիպել ջունգլիներ, լեռնային գոտիներ, փոքրիկ ջրվեժներ: Շատ սիրուն էր: Նաև փողոցում հանդիպող աղբն էր անհամեմատ քիչ: 
Երեկոյան 7-ին հասանք Կատմանդու: Այն բավականին մեծ քաղաք էր, բայց քանի որ արդեն մութ էր, ոչինչ նորմալ չէր երևում: Մի հարմար հյուրանոց գտանք, տեղավորվեցինք, սակայն այս երկրներում “հարմարը” հարաբերական է: 36 ժամ ճանապարհին լինելուց հետո ցանկացած սենյակ դրախտ կթվա: Իսկական ժամանակն էր փոշուց մաքրվելու և մի լավ հանգստանալու: Չնայած առաջին դժվար փորձությունն անցանք, բայց ամեն ինչ դեռ առջևում էր: Փորձում էինք ետդարձի այլ ճանապարհ գտնել, որն այդքան տանջալից չէր լինի:
Օր 4. Կատմանդու
Այսօր շատ կարևոր օր էր մեզ համար, պետք է տրեկինգի թույլտվությունը ստանայինք: Էստեղ դա պարտադիր է: Անգամ ամենափոքր գագաթ բարձրանալու համար թույլտվություն է անհրաժեշտ: Առանց դրա չի լինի, քանի որ ամեն քայլափոխի կարող ես հանդիպել պահակակետերի, իսկ շրջանցելու հնարավորություն չկա: Մի խոսքով՝ նախաճաշից հետո գնացինք տուրիստական կենտրոն, լրացրեցինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, վճարեցինք տուրքը և դուրս եկանք: Պետք է 2 ժամից վերադառնայինք թույլտվության հետևից: Երբ եկանք, մեզ ասացին, որ մեկ այլ թուղթ էլ է պետք, որը ստանալու համար ունեինք 3 րոպե ժամանակ, քանի որ գրասենյակն արդեն փակվում էր: Արագ-արագ լրացրեցինք թղթերը, բայց աշխատողն ասաց, որ լրացուցիչ նկար է պետք և գումար, որը մեզ մոտ տվյալ պահին չկար, քանի որ ոչ ոք չէր զգուշացրել: Քանի որ հաջորդ օրը աշխատանքային չէր, այդ օրը թույլտվություն չստանալու դեպքում ստիպված պետք է 2 օր ավել մնայինք Կատմանդուում: Աշխատողին մի կերպ համոզեցինք, որ սպասի, մինչև անհրաժեշտ գումարն ու նկարները բերենք: Ահագին վազվզելուց հետո վերջապես մենք ստացանք բոլոր անհրաժեշտ թղթերը մեր լեռնագնացության համար: Բավականին բարդ օր էր, որի ընթացքում տեղացի հնդիկները փորձեցին մեր լուսանկարչական ապարատը գողանալ, իսկ նեպալցիներն էլ մեր բախտից ընդառաջեցին մեզ:
Օր 5. Բեսիսահար
Հաջորդ առավոտյան 6-ին մեքենան եկավ մեր հետևից: Պետք է Կատմանդուից հասնեինք Բեսիսահար, որտեղ առաջին պահակակետն էր: Պետք է գրանցվեինք: Ճանապարհը երկար էր, մոտ 6-7 ժամ, բայց մենք չնկատեցինք, թե ինչպես տեղ հասանք: Բնությունը ուղղակի հրաշք էր: Շուրջ բոլորը անտառապատ սարեր, արմավենիներ ու բամբուկներ, բրնձի հսկայական դաշտեր էին: Մենք էլ ճանապարհին ուրախ երգում էինք ու մուլտերի հնարավոր սցենարներ հնարում:
Հասանք տեղ: Սա շատ հանգիստ ու սիրուն քաղաք էր: Բոլորովին Կատմանդուի ակտիվ կյանքին հիշացնող ոչինչ չկար: Մարդիկ բոլորը ժպտում էին: Երեխաները մեզ տեսնելով ուրախ բարևում էին ու նկարվում բոլոր ցանկացողների հետ:
Տեղ հասնելուն պես առաջին հերթին հյուրանոց գտանք ու գրանցվեցինք ստուգման կետում: Ամբողջ օրը ոչինչ չէինք կերել: Ուտելիք պատվիրեցինք ու մինչև պատրաստ լինելը գնացինք քաղաքով զբոսնելու: Բոլորը ինչ-որ բանով զբաղվաց էին, մեկը հողն էր մշակում, մյուսը՝ թել մանում: Գնալով համոզվում էինք, որ Նեպալը լավ երկիր է, իսկ մարդիկ անհամեմատ լավը:
Հաջորդ օրը էլի 5 ժամ մեքենայով պետք է գնայինք, որից հետո արդեն մի քանի ժամ քայլելու էինք: Պետք էր լավ քնել ու ուժ հավաքել դժվար օրվա համար:
Օր 6. Չյամչե, Թալ
Լույսը բացվեց, բայց մենք ավելի շուտ էինք արթնացել, քանի որ նորից ժամը 6-ին մեքենան մեզ էր սպասելու: Բայց շարժվելուց առաջ թեթև նախաճաշեցինք. թեյն ու թեթև սնունդն այդ ժամի համար լիովին բավարար էին: Մոտ ժամը 7-ին Բեսիսահարից շարժվեցինք դեպի Չյամչե: Մեզ քաղաքում մի քանի տեղ ասել էին, որ այդ ճանապարհը ոտքով կարելի է անցնել 1.5 օրում, բայց երբ մենք արդեն ճանապարհի կեսն անցել էինք, գյուղացիներն ասացին, որ կարելի էր 5-6 ժամում ոտքով տեղ հասնել: Ինչևէ, մենք արդեն մեքենայով էինք ու շարունակեցինք մեր ճանապարհը: Այստեղ բնությունն ուղղակի հրաշք էր: 4 կողմը բարձր լեռներ էին՝ կտրուկ լանջերով, որոնք ամբողջովին պատված էին անտառներով, ու ամեն մի կես կիլոմետրը մեկ աղբյուրներ ու հսկա ջրվեժներ էին հանդիպում: Ներքևում հոսում էր մի մեծ գետ, ուժեղ հոսանքով: Ջուրը շատ մաքուր էր, որոշ մասերում կարելի էր քարերը հաշվել: Գետի վրա կառուցված էին կախովի կամուրջներ, որոնց վրայով մարդկանց հետ հավասար անցնում էին բեռներով ու ծանրոցներով  “զինված” ջորիներ: Այստեղ ձիեր ու էշեր չկային, ամենուր միայն ջորիներ էին: Մոտ 5 ժամից հասանք Չյամչէ: Ահա այստեղ արդեն սկսեցինք հանդիպել այլ տուրիստների, որոնք այս սեզոնին սովորաբար հասնում էին մոտ 20000-ի, իսկ այս տարի արդեն 80000-ից ավել էին: 
Հագանք մեր ծանր ուսապարկերը և ճամփա ընկանք՝ այսուհետ ոտքով: Քայլեցինք մոտ 2 ժամ: Այս կարճ ժամանակահատվածում ամեն քայլափոխին բնությունն իր անակնկալներն էր մատուցում, աննկարագրելի սիրուն տեսարաններ, սարեր, ժայռեր, կիրճեր, գետեր ու ջրվեժներ, որոնց հզորությունից շունչներս կտրվում էր: 
Հասանք Թալ: Այն ծովի մակերևույթից 1700մ բարձրության վրա է: Փոքրիկ գյուղիկ՝ գունավոր հյուրատներով, որտեղ մարդիկ ապրում և աշխատում են: Տեղացիները շատ բարեհամբույր էին, բոլորին ժպտալեվ բարևում ու հարցուփորձ էին անում, թե որտեղից ենք, ուր ենք գնում:
Տեղավորվեցինք մի շատ սիրուն հյուրանոցում, որի պատուհանից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի դիմացից հոսող զուլալ գետը: Հյուրանոցը հենց այդպես էլ կոչվում էր՝ River View Hotel. Գյուղի եզրին 2 ջրվեժ կար, երկուսն էլ հոսում էին դիմացի բարձր սարի  գագաթից, իրար մոտ էին, բայց շատ տարբեր: Մեկը բարակ շիթեր էր արձակում, իսկ մյուսն այնքան հզոր ու ջրառատ էր, որ անգամ հեռու կանգնելու դեպքում ամբողջովին թրջվում էինք դեպի մեզ հասնող ջրի կաթիլներից: Այս ջրվեժի բարձրությունը մոտավորապես համարժեք էր 15 հարկանի շենքի բարձրությանը: Անհնար էր կտրվել այդ գեղեցկությունից, բայց բոլորս թրջվել էինք, ու ցուրտ էր: Պետք էր շուտ վերադառնալ ու փոխել հագուստներս, թե չէ կհիվանդանայինք: Վերադարձանք, փոխվեցինք, տաք ու համեղ թեյ խմեցինք: Ամեն մեկն իր գործին անցավ. նկարել, կարդալ, հանգստանալ… Հետո հաջորդ օրվա պլանը մշակեցինք: Բավականին թեթև օր էր սպասվելու, մոտ 3 ժամ քայլել: Դա նշանակում էր, որ վերջապես կարող ենք գոնե մեկ օր չշտապել ու առավոտյան երկար քնել:
Ինչ հաճելի էր լսել ճռռիկների երգը գետի քչքչոցի հետ միասին: Կարծես բնության կողմից ստեղծված մի սիմֆոնիա լիներ: Այ սա է կյանքը …
Օր 7. Բագարչափ
Լույսը բացվեց, երկար քնել չստացվեց, արդեն սովորություն էր դարձել առավոտյան 6-ին արթնանալը: Վեր կացանք, շատ համեղ թեյ խմեցինք խնձորի թխվացքի հետ ու ժամը 10-ին մոտ ճանապարհ ընկանք: Հրաժեշտ տվեցինք մեր հսկա ջրվեժին ու գնացինք: Սկզբում ճանապարհը թեթև էր, լի ջրվեժներով, որոնցից մեկի տակով ստիպված եղանք անցնել: Ամբողջովին թրջվեցինք, բայց բոլորովին չնեղվեցինք, քանի որ անտանելի շոգ էր, իսկ ջուրը մեզ լավ հովացրեց: Ճանապարհին հանդիպեցինք տուրիստների, զրույցի բռնվեցինք: Նրանք էլ մեզ պես առաջին անգամ էին Նեպալում:
Անտանելի շոգ էր, ճանապարհը անվերջանալի էր թվում: Բոլորը հոգնել էին: Հասանք Դարափանի, բայց որոշեցինք գոնե մի քիչ էլ առաջանալ, որպեսզի հաջորդ օրվա ճանապարհը կրճատվի: Հաջորդ գյուղը Բագարչափն էր: Այստեղ էլ գիշերեցինք: Երեկոյան ընթրիքից հետո կիթառի երաժշտություն վայելեցինք ու տարբեր երգեր երգեցինք: Հյուրատան տերն էլ մեր հետ միասին լսում ու վայելում էր իր համար անծանոթ, բայց կարծես դուրեկան երգերը:
Հյուրատանը շատ մոտ գետ էր հոսում ու մենք ամբողջ գիշեր լսում էինք գետի քչքչոցը: Գնալով ցրտում է: Արդեն երեկոները բավականին սառն են:

Օր 8. Չամե
Այսօր երկար ու դժվար ճանապարհ ունեինք անցնելու: Առավոտյան նախաճաշից հետո ժամը 8-ին ճամփա ընկանք: Պետք է նախատեսվածից դանդաղ քայլեինք, քանի որ աղջիկներից 2-ը առողջական խնդիրներ ունեին: Ճանապարհն անցնում էր ջունգլիների միջով, գեղեցիկ տեսարաններ էին բացվում: Այդ ջունգլիները սովորական անտառներից ոչնչով չէին տարբերվում: Ճանապարհի կեսից հեռվում մի բարձր ձյունապատ գագաթ սկսեց երևալ, որը, ինչպես հետո պարզեցինք, 8163մ բարձրություն ունեցող Մանասլու լեռն էր: Հրաշք տեսարան էր, որից անհնար էր կտրվել:
Ճանապարհն անցնում էր Կոտո գյուղի միջով, որտեղ հերթական ստուգման կետում “ներկա” ստացանք ու ճաշեցինք: Ամեն տեղ ճաշացանկը նույնն էր՝ բրնձի տեսականի, կարտոֆիլ, ապուրներ ու մո-մո, որը մեր իմացած պելմենին է: Կուշտ ուտելուց հետո նորից ճամփա ընկանք ու արդեն 1 ժամից հասանք Չամե, որը համեմատաբար մեծոտ քաղաք էր:
Այսօր քայլեցինք մոտ 5 ժամ, բայց բավականին բարդ ճանապարհներով: Բոլորը հոգնել էին, և տեղ հասնելուն պես քուն մտանք: Իսկ երբ արթնացանք, մեզ վատ անակնկալ էր սպասվում: Դրսում ուժեղ անձրև էր գալիս, որը մինչև ուշ գիշեր դեռ չէր կտրվել: Հուսանք վաղը կտրված կլինի, թե չէ մեր երկար ճանապարհը դաժան կլինի …

Օր 9. Պիսանգ
Առավոտյան դեռ լույսը չբացված բակում շները սկսեցին հաչալ ու արթնացրեցին մեզ: Այլևս քնել հնարավոր չէր: Դրսում ջրի խշշոց էր գալիս, բայց չէի հասկանում դա գետի ձայնն էր, թե անձրև էր գալիս: Երկինքը կամաց-կամաց լուսավորվում էր: Պատուհանից բացվող տեսարանը հրաշք էր, հեռվում երևում էր Նեպալի հերթական ձյունապատ գագաթներից մեկը, որը նոր բացվող արևի ճառագայթներից լուսավորվել ու շողում էր: Երբ արդեն տեսանելիությունը պարզվեց, երևաց, որ անձրև չի գալիս, անգամ գետինը տեղ-տեղ չորացել էր: Երկինքը պարզ էր ու կապույտ, նշանակում է՝ նորմալ պայմանները մեր քայլելու համար ապահովված էին: Բայց արդեն բավականին ցուրտ էր: Անգամ սենյակներում խոսելիս գոլորշի էր դուրս գալիս մեր բերաններից: Կամաց-կամաց տեղափոխվում ենք ցուրտ վայրեր…
Այսօրվա ճանապարհը երկար ու դժվար էր, շատ հաճախ դիք էինք բարձրանում, իսկ արևի տակ դա բավականին բարդ է: Գնալով բուսականությունը, ինչպես նաև ջրվեժները պակասում էին: Այժմ կարելի էր հանդիպել միայն փոքրիկ առվակների կամ ժայռերի գլխից թափվող փոքրիկ ջրաշիթերի: Երբ ճանապարհի կեսից շատն արդեն անցել էինք, հասանք փշատերև անտառների, որտեղ օդը լիովին տարբերվում էր: Մոտ 2 ժամ մենք քայլեցինք այդ անտառների միջով անցնող արահետներով, մինչև հասանք Ներքին Պիսանգ: Քիչ վերև գտնվում էր Վերին Պիսանգը, որտեղ կար նաև տաճար: Հաջորդ օրվա ճանապարհի 2 տարբերակ ունեինք. մեկն ավելի երկար ու բարդ էր, բայց մի քիչ ավելի շատ գեղատեսիլ վայրերով, մյուսը՝ համեմատաբար թեթև ու կարճ: Երեկոյան թեյախմության ժամանակ որոշվեց գնալ կարճով՝ օրվա վերջում ավելի շատ ժամանակ ունենալու համար: Պետք է հասնեինք Մանանգ, երկար օր էր սպասվելու, մոտ 6 ժամ պիտի քայլեինք:
Առավոտյան 6-ին վերկացն է …

Օր 10. Մանանգ
Այսօրվա ճանապարհը երկար էր, բայց թեթև: Հիմնականում ուղիղ էր: Երթուղին լի էր աշխարհի տարբեր անկյուններից այստեղ ժամանած տուրիստներով: Գնալով բարձրանում էինք, իսկ բուսականությունը՝ փոխվում: Արդեն անտառներ արդեն չկան, միայն երբեմն հանդիպող ծառուղիներ են: Ճանապարհին ուրց տեսանք ու մի քիչ հավաքեցինք՝ թեյ խմելու համար: Մոտ 6 ժամ քայլելուց հետո հասանք Մանանգ: Ժամը 4-ն էր, բայց արդեն լավ ցուրտ էր: Տեսարաններն այստեղ աննկարագրելի էին: Երևում էին Աննապուրնա 2, 4, 3 գագաթները, Գանգապուրնան, ու ամբողջը ձյունապատ շողում էին:

Այսօր մնացինք Մանանգում: Պետք էր ակլիմատիզացիա անցնել, բայց իրականում խմբի անդամներից ոչ ոք տեղում չնստեց: Բաժանվեցինք մի քանի խմբի: Մեր ռուս ընկերները որոշեցին գնալ “Սառցե լիճ”, որը Մանանգից մոտ 4 ժամ հեռավորության վրա էր: Այստեղ, Մանանգին մոտ, ևս մի լիճ կար, որը կոչվում էր Գանգապուրնա: Այն տեսնելու համար պետք էր գոնե մի քիչ բարձրանալ, ու այդ ժամանակ դիմացդ մի հրաշք տեսարան էր բացվում. մինչև երկինք սլացող ձյունապատ լեռնաշղթաներ, իսկ ներքևում՝ բաց երկնագույն մի լիճ, որի ալիքները փայլում էին արևի տակ:
Ես այդ լիճը տեսա, երբ բարձրանում էի դեպի Մանանգի տարածքում գտնվող մի քանի դիտակետերից մեկը: Բայց, ինչպես հետո պարզվեց, դա ոչ թե դիտակետ էր, այլ Լամայի “նստավայր”: Նրա մոտ գնալիս պետք էր կոշիկները հանել շեմին: Հանեցինք, ներս մտանք: Լաման իրենց լեզվով ինչ-որ բաներ շշնջաց, գունավոր թելերից հյուսված մի պարան կախեց վզիցս, օրհնեց և հաջողություն մաղթեց: Էնտեղ նաև թեյ խմեցինք: Տնակի մոտ մասուրի թուփ կար, որի պտուղները տարօրինակ մեծ էին: Մենք առիթից օգտվեցինք ու մի քիչ մասուր հավաքեցինք նույնպես թեյի համար: Մոտ 1 ժամ նստեցինք բակում: Այնպիսի տպավորություն էր, կարծես մենք երկնքի տակ էինք, իսկ ամբողջ աշխարհը մեր աչքի առաջ էր: Ինչպես հետո պարզեցինք տեղացիներից, լամայի “նստավայրը” մոտ 4200մ բարձրության վրա էր: Արագածից հետո սա իմ հաջորդ ամենաբարձր կետն էր: Բայց իհարկե մեր դիմաց ավելի բարձր գագաթներ էին, ուր դեռ պետք է հասնեինք:
Իսկ այդ ժամանակ Գոռը որոշեց բարձրանալ դիմացի սարը՝ ինչքան հնարավոր է բարձր: Անհանգիստ սպասում էինք նրա վերադարձին, քանի որ Աննապուրնան ինքնին շատ վտանգավոր է, ու մի անզգույշ շարժում և դու կարող ես ցած գլորվել: Մի քանի ժամ անց Գոռը վերադարձավ, շատ հոգնած էր, բայց նաև անչափ երջանիկ: Նա բարձրացել էր մինչև ամենամոտ հասանելի գագաթը, որտեղից դեպի մյուս գագաթներ անցումն անհնար էր կամ շատ ավելի բարդ ու երկար, որը 1 օրում անհնար էր անցնել:
Տեղացիներից փորձեցինք ճշտել, թե դա որ գագաթն էր, բայց ոչ ոք չկարողացավ հստակ բացատրել: Նրանք կես-կատակ ասում էին, որ եթե սարի գագաթին հաստ շերտով ձյուն չկա նստաց, ուրեմն այն անուն չունի: Մենք վերցրեցինք քարտեզն ու սկսեցինք ուսումնասիրել մոտակա գագաթները: Ինչքանով հասկացանք, դատելով անցած ճանապարհից և տեղանքի նկարագրությունից, դա 6970մ բարձրություն ունեցող անանուն գագաթ էր: 6970մ, դա արդեն շատ լուրջ էր, Գոռը նոր ռեկորդ սահմանեց իր համար: Շնորհավոր!

Արդեն երրորդ օրն էր, որ մենք Մանանգում էինք: Գոռի երեկվա հերոսությունը բոլորին քաջալերեց, և քանի որ մենք մի քանի ազատ օր ունեինք, որոշեցինք 1 օր ևս մնալ Մանանգում և փորձել բարձրանալ նույն սարը՝ ինչքան հնարավոր էր բարձր: Շարժվեցինք վաղ առավոտյան՝ ինչպես միշտ նախաճաշից հետո: Ինչքան բարձրանում էինք, այնքան տեսարանները փոխվում էին: Բոլոր անկյուններից նորանոր բարձր ձյունապատ գագաթներ էին սկսում երևալ: Մենք իհարկե մինչև գագաթ չբարձրացանք, որովհետև արդեն մոտ 4000մ բարձրությունից հետո ժայռեր էին սկսում, որոնց վրայով պետք էր մագլցել, իսկ դա “մի քիչ” վտանգավոր էր: Եղանակն էլ իր հերթին սկսեց փչանալ, ամպեր էին մոտենում ու ուժեղ քամի էր սկսել: Մենք կամաց-կամաց իջանք ներքև: Սարի ստորոտին փոքրիկ լիճ կար: Դա Գանգապուրնան էր, այն նույն լիճը, որն երևում էր լամայի մոտ տանող ճանապարհից, իսկ լճի մեջ լցվող ջրերն իջնում էին Գանգապուրնա լեռան լանջին գոյացած հսկայական սառցադաշտերից: Լիճն արտացոլանք չուներ, գույնը երկնագույն՝ կաթնագույն երանգ ուներ: Ալիքները խաղում էին քամուց և միևնույն ժամանակ շողշողում արևի ճառագայթներից: Շատ հանգիստ էր լճի ափին:

Օր 13. Թորոնգ Փեդի
Այսօր տրեկինգի 8-րդ օրն էր: Դուրս եկանք Մանանգից առավոտյան 9-ին: Նախատեսված էր հասնել Լեթդար և գիշերել այնտեղ, բայց բանից պարզվեց, որ այստեղ ընդամենը 2 հյուրանոց էր, որոնք արդեն զբաղված էին: Դրսում ցուրտ էր, վրանում քնել հնարավոր չէր լինի, առավել ևս, որ մեր ունեցած միակ վրանը 3-4 տեղանոց էր: Ստիպված էինք շարժվել առաջ՝ դեպի մյուս գիշերակացի վայրը, որը Լեթդարից մոտ 2-3 ժամ հեռավորության վրա էր: Բոլորս արդեն հոգնած էինք, բայց այլընտրանք չունեինք: Կամաց-կամաց առաջ շարժվեցինք, բայց շատ դանդաղ էլ գնալ չէինք կարող, քանի որ պետք էր մինչև մութն ընկնելը տեղ հասնել: Ճանապարհը բարդ էր, կամ մենք էինք շատ հոգնել: Երբեմն ներքև նայելիս գլուխներս պտտվում էր: Վերջապես հասանք Թորոնգ Փեդի: Այժմ մենք 4540մ բարձրության վրա էինք:   Մեր բախտից ազատ սենյակներ կային՝ վերջին սենյակներն էին: Սա դժվար էր գյուղ անվանել նախորդների պես: Այս տեղանքն ավելի շատ մեծ ճամբարի էր նման, որտեղ իրար գլխի էին հավաքվել տասնյակ տուրիստեր աշխարհի տարբեր ծայրերից: Բոլորի տրամադրությունը բարձր էր, ընթրիքի սենյակում ազատ սեղան չկար: Սենյակը լիքն էր բուռն քննարկումներ անցկացնող մարդկանցով, որոնք առանց կաշկանդվելու ծանոթանում էին մեկը մյուսի հետ, կիսվում տպավորություններով և սպասելիքներով: Տեղավորվելուց հետո ընթրեցինք, նոր  ճամփորդների հետ ծանոթացանք, միասին խաղեր խաղացինք ու ժամը 8-ից գնացինք քնելու: Հաջորդ 2 օրերը շատ ծանր էին լինելու: Ուժ ու համբերություն էր պետք մեզ:

Օր 14. High Camp
Հաջորդ վայրը, որտեղ պետք է կանգ առնեինք մինչև Թորոնգ Լա բարձրանալը, դա Թորոնգ Փեդիից 1 ժամ հեռավորության վրա գտնվող ճամբարն էր՝ High Camp անվանմամբ: Ընդամենը 1 ժամ, բայց շատ դժվար ճանապարհ էր, անընդհատ բարձրանում էինք: High Camp-ը գտնվում էր ծովի մակարդակից 4850մ բարձրության վրա: Տարածքը նման էր Մարս մոլորակին՝ 4 կողմը կարմրահող էր ու ժայռեր, միայն երբեմն երևում էին թաքնված ձյունածածկ գագաթները: Այստեղ շատ մարդ կար, բոլորը պատրաստվում էրն լուսադեմին Թորոնգ Լա բարձրանալուն: Մենք նույնպես: High Camp-ում մթնոլորտն ավելի աշխույժ էր, քան Թորոնգ Փեդիում: Երևի պատճառն այն էր, որ արդեն մի քանի ժամից բոլոր ներկաները կհասնեին ճանապարհի գագաթնակետին: Երկար սպասված պահն արդեն շատ մոտ էր…

Օր 15. Թորոնգ Լա – Մուքթինաթ
Լույսը դեռ չբացված ամբողջ ճամբարը ոտքի էր կանգնել: Բոլորը արդեն պատրաստ էին երկար սպասված Թորոնգ Լա-ին հասնելու: Համարյա միաժամանակ սկսեցին շարժվել: Ժամը 5-ն էր: Դրսում մութ էր, ու երկնքում շողում էին միլիոնավոր աստղեր: Արդեն հեռվում նկատվում էին դեպի գագաթ բարձրացող մարդիկ: Ամեն մեկն իր ձեռքին ուներ լուսարձակ, ու նրանց՝ իրար ետևից ձգված լույսերը նման էին շա՜տ երկար քարավանի: Աննկարագրելի սիրուն տեսարան էր: Շարժվելուց մոտ 40 րոպե անց սկսեց լուսանալ: Արևը դեռ դուրս չէր եկել սարերի հետևից, բայց արդեն դիմացի սարերը լուսավորվել էին կարմրավուն երանգով: Գնալով արևի ճառագայթներից լուսավորվող ձյունապատ գագաթները ավելի պայծառ ու արտահայտիչ էին դառնում: Վերջապես արևը նույնպես դուրս եկավ սարերի հետևից, ու մեր ճանապարհն ամբողջովին լուսավորվեց: Մոտ 3 ժամ քայլելուց հետո, արդեն բավական հոգնած, բայց շատ երջանիկ, հասանք Թորոնգ Լա: Սա աշխարհում ամենաբարձրադիր լեռնանցքն է, որտեղով ժամանակին անցել է նաև մետաքսի ճանապարհը: Թորոնգ Լա-ի բարձրությունը 5416մ է: Մեզ հետ միասին բարձունքին հասան տասնյակ, գուցե և հարյուրավոր ճամփորդներ: Բոլորի աչքերը ուրախությամբ էին լցված: Կային նաև մարդիկ, որ արտասվում էին. գուցե հուզմունքից, գուցե ուրախությունից կամ էլ պարզապես լեռնային հիվանդությունն էր այդպես արտահայտվում: Հետաքրքիր զգացողություն էր, որտեղ իրար էին խառնվել հոգնածությունն ու ուրախությունը, հպարտությունն ու գուցե և շատ այլ զգացմունքներ, որոնք անհնար էր նկարագրել:
Մոտավորապես առավոտյան 8:30 էր: Ուզում էինք երկար մնալ այնտեղ և վայելել, բայց քամիներն այստեղ շուտ են սկսվում, այդ պատճառով ստիպված եղանք շուտ իջնել գագաթից: Այստեղից սկսած ճանապարհը հիմնականում ներքև էր իջնելու: Մի տեսակ անսովոր էր:
Էլի մոտ 4-5 ժամ քայլելուց հետո հասանք Մուքթինաթ (3800մ): Ճանապարհին կանգ առանք մի փոքրիկ գյուղատիպ վայրում, որտեղ չիչխանի տնական հյութ խմեցինք, հովացանք, հանգստացանք ու առաջ շարժվեցինք: Մուքթինաթում արդեն ամեն ինչ այլ կերպ էր: Անգամ մարդիկ էին ուրիշ: Շատ էին հնդիկները: Անգամ հնդկական տաճար կար, որի շուրջ հավաքվել էին Շիվայի “ծառաները”: Փողոցում ամեն տեղ հուշանվերներ, տաք գլխարկներ ու ձեռնոցներ էին վաճառում, որոնք Կատմանդուում եռակի էժան էին: Սնունդը համեմատաբար թանկ էր: Մի քանի ժամում ամբողջ քաղաքը լցվեց Թորոնգ Լա-ից ներքև իջած ճամփորդներով: Մենք կանգ էինք առել “Բոբ Մարլի” կոչվող հյուրանոցում: Այստեղ բացօդյա ռեստորան կար, որտեղ հնչում էր ժամանակակից և ռետրո երաժշտություն: Երեկոյան թեժ իրավիճակ էր: Բոլոր ներկաները կիսվում էին միմյանց հետ իրենց տպավորություններով, խմում էին ու շնորհավորում միմյանց:

Օր 16. Քագբենի
Ըստ նախատեսված պլանի՝ մենք պետք է Մուքթինաթից շարժվեինք դեպի Ջոմսոմ, բայց քանի որ մենք մի քանի ազատ օր ունեինք, որոշեցինք կանգ առնել մեկ այլ վայրում, որը կոչվում էր Քագբենի: Մուքթինաթից Քագբենի քայլեցինք մոտ 2.5 ժամ: Ճանապարհին ոչ մի հետաքրքիր բան չկար: Այնպիսի տպավորություն էր, կարծես քայլում էինք լեռնային անապատով: Ամենուր չոր սարեր էին՝ համարյա առանց բուսականության, իսկ փողոցն ամբողջովին քար ու ավազ էր: Միայն երբեմն հանդիպում էինք մեքենաների, որոնք ցանկացողներին տեղափոխում էին Ջոմսոմ՝ համապատասխան գումարի դիմաց: Ճանապարհին շատ ուժեղ քամի սկսվեց, որը, եթե մեր ծանր ուսապարկերը չլինեին, մեզ հաստատ կքշեր: Ընթացքում հեռվում երևում էր նաև մեր նախորդ օրվա անցած լեռնանցումը, որն ամբողջովին ձյան շերտով էր պատվել: Մեր բախտը բերել էր:
Հենց մտանք Քագբենի, կարծես ուրիշ աշխարհում հայտնվեինք: Ամբողջովին ծածկված  էր ծառերով ու արտերով, փողոցներով առվակներ էին հոսում: Կարծես փոքրիկ դրախտ լիներ կամ մի օազիս այդ փոշոտ “անապատում”: Չնայած մյուս կողմից սխալ կլիներ այս գյուղակը դրախտ անվանել, քանի որ այստեղի մասին շատերն են ասում, որ սև մագիայով լեցուն է: Եվ իսկապես, փողոցներով քայլելիս կարելի էր դռան շեմին կախված գանգեր, տարօրինակ շարժումներ անող ու ձայներ հանող տարեց կանանց տեսնել… Իսկ թե ինչն էր այս ամենի պատճառը, մենք հետո պարզեցինք:
Մենք կանգ առանք շատ հաճելի մթնոլորտով մի հյուրատանը, որտեղ երեկոյան ընթրիքից հետո հյուրատան տերը շատ հետաքրքիր բաներ պատմեց Քագբենիի պատմության ու ավանդույթների մասին: Ըստ այդ պատմություններից մեկի՝ շատ վաղուց մի ծերունի է լինում, Քագբու Սունդի անունով, որը երկար ժամանակ իր համար հարմար տեղ էր փնտրում մեդիտացիայի համար: Վերջապես գտնում է մի վայր, որտեղ հատվում են Կալի Գանդակի և Մուքթինաթ սուրբ գետերը: Այդ վայրում նա սկսում է մեդիտացիա անել տարիներով, մինչև մահանում է: Նրա հոգին դուրս է գալիս և մտնում վերևի ամպերից մեկի մեջ, որն անմիջապես մեղքերի քանակից սևանում է: Այդ ամպը պտտվում է Քագբենիի վերևում այնքան, որ անձրևի հետ բոլոր մեղքերը թափվում են, և ծերունու հոգին վերև է բարձրանում: Ասում են, որ այդ դեպքից հետո որոշ վատ մարդիկ մահանալուց հետո վերածվում են զոմբիների և պտտվում են քաղաքում: Դրանցից պաշտպանվելու համար տեղացիները սկսում են մահացած մարդկանց ողնաշարները 2 տեղից կոտրել (վզից և գոտկատեղից), դռները շատ ցածր են պատրաստում, քանի որ ըստ նրանց հավատալիքների՝ զոմբիները կռանալ չեն կարող և այսպիսով տուն չեն կարող մտնել, և վերջապես կառուցում են մի քարե արձան՝ պահապան, որն իրենց քաղաքը պետք է պաշտպաներ զոմբիներից:
Ավանդույթները նույնպես հետաքրքիր են: Օրինակ, այստեղ, եթե ընտանիքում կա 3 և ավել տղա երեխա, ապա միշտ 2-րդ տղային պարտադիր “նվիրում” են տաճարին, և երեխան դառնում է միաբան: Այդ միաբաններն ապրում են միասին՝ տաճարում, ամեն օր աղոթում, ճաշում և ամեն ինչ անում են միասին: Նույնը վերաբերվում է նաև աղջիկ երեխաներին այն վայրերում, որտեղ գործում են տաճարներ կանանց համար: Բացառություն են կազմում բարձր կաստայի երեխաները: Նրանց դեպքում երեխաները կարող են միբան դառնալ միայն ցանկության դեպքում:
Հետաքրքիր են ամուսնությունները, որոնք կարող են լինել սիրով, ըստ ծնողների նախնական պայմանավորվածության, ինչպես նաև փախցնելով: Ամուսնությունները պարտադիր պետք է լինեն միևնույն կաստայի միջև, այլապես, օրինակ, եթե բարձր կաստայի տղան ամուսնանա ցածր կաստայի աղջկա հետ, նա համարվում է կեղտոտված, պղծված: Մասամբ այդ “կեղտից” մաքրվելու համար տղան պետք է հանրության առջև ոսկով ջուր խմի:
Ամուսնական տարօրինակ ավանդույթներից մեկն էլ այն էր, որ այստեղ 2 եղբայր կարող էին 1 համատեղ կին ունենալ, սակայն այս դեպքում կինն էր որոշողը, թե տարվա որ մասը որ մի եղբոր հետ է անցկացնելու: Այսպիսով նա կարող էր վստահ լինել նաև, թե որ մի եղբայրն է երեխայի հայրը:
Իրոք որ, տարօրինակ վայր էր …

Մեզ այստեղ շատ դուր եկավ: Հետաքրքիր գյուղ էր, որտեղ մեր հյուրատան տերը մեծ հաճույքով կիսվում էր մեր հետ ցանկացած հարցի շուրջ: Ու քանի որ մենք շտապելու տեղ չունեինք, որոշեցինք 1 օր ևս անցկացնել գաղտնիքներով լի այս վայրում: Առավոտյան նախաճաշից հետո տան տերը մեզ մի հետաքրքիր տեղ տարավ: Այսինքն այդ տեղը հենց իր տան մեջ էր, մի առանձին սենյակում: Բանից պարզվում է՝ նրանց տան մեջ թաքնված է մի փոքրիկ տաճար: որտեղ ամբողջ մի պատը զբաղեցնում է Բուդդայի 350-ամյա ոսկեգույն հսկա արձանը, որի կողքին փոքրիկ այլ արձաններ ևս կային: Շուրջ բոլորը վառված մոմեր էին շարված: Այդ նույն սենյակում պահվում էին նաև շատ հին ձեռագրեր, մոմեր, հին թրերի մեծ տեսականի և այլ հետաքրքիր պարագաներ: Նշեմ, որ Քագբենիում հավատում էին միայն տղամարդ Աստծուն, իսկ Մուքթինաթում՝ կին և տղամարդ Աստվածների գոյությանը: Բուդդիստական վանք մտնելիս պարտադիր պետք է կոշիկները նախօրոք հանել:
Ի դեպ, Թորոնգ Լա-ից հետո մենք դուրս եկանք Մանանգ նահանգից և մտանք Մուստանգ նահանգ: Այստեղ, Քագբենիին մոտ գտնվում է մի վայր, որ կոչվում է Վերին Մուստանգ:  Սա աշխարհի արգելված թագավորություններից է: Պարզվում է, որ այդտեղ մուտք գործելու համար անհրաժեշտ էր հատուկ թույլտվություն վերցնել Կատմանդուից՝ ամեն օրվա համար համապատասխանաբար մի կլորիկ գումար վճարելով: Ասում են՝ Վերին Մուստանգում են գտնվում մի քանի շատ հին, տիբեթյան ոճով կառուցված գյուղեր, որտեղ ամեն գյուղ իր թագավորն ունի: Սա տուրիստական վայր չէ: Լուրեր են պտտվում, որ Վերին Մուստանգում շատ միստիկ երևույթներ են տեղի ունենում: Այն իր մեջ բազում թաքնված գաղտնիքներ է պահում: Այս ամենը մեզ շատ հետաքրքրեց, ու քանի որ մենք անհրաժեշտ թույլտվությունը չունեինք, որոշեցինք գոնե հեռվից տեսնել Վերին Մուստանգ կոչվող բնակավայրը: Փորձեցինք բարձրանալ մոտակա ամենաբարձր դիտակետը, որտեղիք քիչ թե շատ կկարողանայինք մի բան տեսնել: Գետի հեսանքն ի վեր մի արահետ կար, որով և սկսեցինք քայլել: Բավականին երկար էինք քայլում: Տարածքը նորից նմանվում էր անապատի՝ առանց որևէ շնչավոր էակի կամ ծառի: Միայն արևից վառված ու չորացած փոքրիկ խոտափնջեր էին գետնին: Հեռվում սարերը վերածվում էին կարմրավուն ժայռերի, որոնք հսկա կիրճեր էին ստեղծել իրար միջև, իսկ այդ կիրճերի արանքով իր համար հանգիստ հոսում էր Կալի Գանդակին: Ահագին քայլելուց հետո հեռվում մի դաշտավայր երևաց, որը կտրուկ առանձնանում էր շրջակա միջավայրից: Այն ամբողջովին պատված էր ծառերով, որոնց արանքներում երևում էին տների սպիտակ տանիքները: Կարծում եմ՝ դա էլ հենց այդ հանրահայտ Վերին Մուստանգի գյուղերից մեկն էր, որովհետև հենց գյուղի շեմին առանձնացված պահակակետ կար:
Քամի սկսվեց, ահավոր ուժեղ քամի: Այս կողմերում այն այնքան ուժեղ է, որ կարող է հեշտությամբ մարդուն հավասարակշռությունից հանել: Հետ դառնալիս քամին ուղիղ մեր դիմացից էր փչում, և մեզ համար շատ դժվար էր առաջ շարժվել, առավել ևս, երբ քամին իր հետ հող ու փոշի էր բերում ու լցնում մեր աչքերի մեջ:
Մի խոսքով, մի կերպ հետ եկանք հասանք մեր շատ սիրելի “Red Houce Lodge” հյուրատունը, որտեղ մեզ սպասում էր Նեպալի թերևս ամենահամեղ սնունդը: Մութն ընկնելուց հետո գիշերային զբոսանք կազմակերպեցինք, որի ժամանակ մեզ մի շուն նկատեց ու սկսեց հաչալ: Նրա աչքերը կատաղությունից կարմրել էին: Բավականին հետաքրքիր էր զբոսնել գիշերով այդ միստիկ գյուղակում: Ափսոս, որ դա մեր վերջին գիշերն էր այդտեղ …

Օր 18. Դագարջոնգ
Քագբենիի հյուրատան տերը վերջին օրվա երեկոյան մեզ տեղական գինի հյուրասիրեց (որն անկեղծ ասած այդքան էլ մեզ դուր չեկավ) և վերջին անգամ հետաքրքիր պատմություններ պատմեց իրենց գյուղի և լեգենդների մասին, որին տարեցները իսկապես հավատում էին: Երեկոյի ընթացքում խորհուրդ հարցրեցինք, թե մոտակայքում ինչ հետաքրքիր  ու անսովոր վայրեր կարող ենք այցելել: Նա ասաց, որ Քագբենիից մոտ 2 ժամ հեռավորության վրա մի գյուղ կա, որի տուրիստական ուղղությունից դուրս է: Այնտեղ ընկեր ունի, և մենք կարող ենք գիշերել ընկերոջ մոտ: Քարտեզի վրա ցույց տվեց ճանապարհը, տվեց ընկերոջ հեռախոսահամարը, նախապես զանգեց այդ տղային ու զգուշացրեց, որ հյուրեր է ունենալու:
Առավոտյան մենք ճամփա ընկանք: 3 գյուղի միջով անցանք, իսկ 4-րդը արդեն սպասված Դագարջոնգն էր: Հարց ու փորձ անելով գտանք այն տունը, որտեղ պետք է գիշերեինք: Գյուղում հավանաբար շատ քիչ էին օտարներ լինում: Բոլոր գյուղացիները տարօրինակ ու զարմացած աչքերով էին նայում մեզ, կարես չէին հասկանում` ինչ էինք այնտեղ կորցրել: Գյուղում համարյա ոչ ոք անգլերեն չէր խոսում: Մի քիչ դժվար էր իրար մի բան հասկացնել: Սակայն, քանի որ տան տերերը մեզ արդեն սպասում էին, միանգամից ներս կանչեցին, ցույց տվեցին մեր սենյակը և գնացին մեր համար թեյ պատրաստելու: Այս անգամ բոլորս 1 սենյակում էինք մնալու: Տեղավորվեցինք, թեյ խմեցինք ու դուրս եկանք զբոսնելու: Գյուղը նման էր լաբիրինթոսի` նեղլիկ փողոցներով ու փոքրիկ տներով: Տներն իրար կպած էին, այնպես, որ կարելի էր տանիքների վրայով տեղաշարժվել: Բոլոր տներն ունեին այգիներ, որտեղ հիմնականում գերակշռում էին խնձորենիները: Գյուղից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի շրջապատող սարերը: Անգամ մեր անցած Թորոնգ Լա անցումն էր երևում, որի վրա դեռ ձյուն կար: Մայրամուտը կարմիր գույնով էր ներկել դիմացի ժայռերը: Ընդհանուր առմամբ գյուղում ոչ մի արտառոց բան չկար, բացի նրանից, թե ինչպես էին ապրում սովորական նեպալցիները: Ամեն դեպքում մեկ օր ապրեցինք ոչ սովորական մի օր, որն ամբողջովին տարբերվում էր մյուսներից:

Օր 19. Մարֆա
Մուստանգում քամիներն ահավոր են, ամեն օր սկսվում են նույն ժամին ու տևում ամբողջ օրը: Այսօր փորձեցինք մի քիչ շուտ դուրս գալ, որ հասցնեինք մինչև քամիների սկսելը տեղ հասնել: Քանի որ մենք շեղվել էինք մեր հիմնական ուղուց, ստիպված էինք Ջոմսոմ հասնել այլ ճանապարհով, որն անցնում էր դիմացի սարի վրայով: Ահագին երկար ժամանակ բարձրանում էինք անշունչ ճանապարհով, մինչև հասանք դիտակետին: Էնտեղից ճանապարհը կտրուկ ներէև էր իջնում, որտեղ հեռվում երևում էր Ջոմսոմը: Սկսեցինք իջնել: Պարզվեց` դա այդքան էլ հեշտ չէր: Ամբողջը հող, քար ու ավազ էր: Երբեմն արահետն այնքան էր նեղանում ու մոտենում եզրին, որ անզգույշ լինելու դեպքում հեշտությամբ կարող էինք ձորը գլորվել: Առանց այդ էլ մանր խճաքարերի վրայով քայլելը հեշտ չէր: Ամեն մի քանի քայլը մեկ պետք էր հավասարակշռությունը պահպանել, թե չէ թրմփալով կամ ոտք ոլորելուց հետո ընկնում էինք այդ նույն քարերի վրա:
Քարերից հետո` ներքևում, մինչև Ջոմսոմ հասնելը մի հին քարե լաբիրինթոս կար, որը կառուցվածքով շատ պարզ էր, ուներ ընդհամենը 1  ընդհանուր մուտք ու ելք: Տեղ-տեղ պատերը քանդված էին: Տարածքով բավականին մեծ տեղ էր զբաղեցնում և հզոր տեսք ուներ:
Վերջապես իջանք, ազատվեցինք այդ քարքարոտներից, հասանք Ջոմսոմ: Հոգնել էինք: Ժամանակն էր մի քիչ հանգստանալ ու հաց ուտել: Մտանք մի ռեստորան, որը կոչվում էր “Ջիմմի Հենդրիքս”, որ սովորական մի անուն այս տարածքի ռեստորանների կամ հյուրատների համար, որոնք հիմնականում անվանված էին մոտակա լեռների ու գետերի անուններով, օրինակ` Մանանգում այն հյուրատունը, որտեղ մենք մնում էինք, կոչվում էր “Մարսյանգդի” կից հոսող գետի անունով, և այլն:
Եվ այսպես, պատվիրեցինք մեր ուտելիքը, և, մինչև այն պատրաստ կլիներ, գնացինք քաղաքով զբոսնելու: Այո, Ջոմսոմը փոքր է, բայց քաղաք է կոչվում:  Այստեղ նույնիսկ օդանավակայան կար, որն աշխատում էր ամեն օր, բայց կոնկրետ ժամերի, երբ քամիները դեռ շատ ուժեղ չեն: Ջոմսոմում գործում էր 2 բանկ (համենայն դեպս մենք 2-ը տեսանք): Բացի խանութներից կային նաև հագուստի ու սննդի փոքրիկ շուկաներ: Վերջինում իհարկե գերակշռում էր խնձորը և տեղական գինին: Ջոմսոմի հենց մեջտեղով հոսում էր Կալի Գանդակի գետը, որը քաղաքը բաժանում էր աջ և ձախ մասերի: Ձախ մասը համեմատաբար ավելի հանգիստ էր, կարծես ավելի շատ տեղացիների համար էր: Միայն 1-2 հյուրատուն կար ու սովորական տներ: Մնացածը, որ հարմարեցված էր տուրիստների համար, գտնվում էր գետի աջ ափին:
Հաց ուտելուց հետո միանգամից առաջ շարժվեցինք: Նախատեսված կանգառը պետք է լիներ Ջոմսոմում, բայց մենք որոշեցինք հասնել մինչև հաջորդ գյուղ` Մարֆա: Մինչև քաղաքից դուրս գալը “ներկա” ստացանք անցակետում, ջուր վերցրեցինք ու ճամփա ընկանք: Միշտ չէ, որ ուղիղ ու հարթ ճանապարհը կարող է հեշտ ու հաճելի լինել: Մինչ մենք քայլում էինք, քամիները սկսեցին և անընդհատ դիմացից փչող քամին իր հետ փոշու մի մեծ ամպ էր բերում դեպի մեզ` այսպիսով բարդացնելով մեր ճանապարհը` մեր աչքերը պարբերաբար հողով լցնելով: Մոտ 1.5 ժամ “պայքարից” հետո վերջապես հասանք Մարֆա: Բոլորիս երազանքն էր մտնել հյուրանոց և լվացվել, ազատվել հողի շերտից, որ հասցրել էր տեղավորվել մեր աչքերի ու մազերի մեջ: Այդպիսի քամու ժամանակ էլ ոչ ոք ցանկություն չուներ դուրս գալ գյուղով մեկ պտտվելու: Երեկոյան բոլորս հավաքվեցինք 1 սենյակում, խաղեր խաղացինք, ուրախ ժամանակ անցկացրեցինք ու որոշեցինք մեր ազատ օրերից մեկն էլ այստեղ անցկացնել: Ինչու ոչ, հանգիստ տեղ էր, լի խնձորենիներով: Չնայած, անկեղծ ասած, սնունդն այստեղ այնքան էլ համեղ չէր 🙂

Առավոտյան նախաճաշից հետո դուրս եկանք զբոսնելու: Նախորդ օրը դիմացի սարի լանջին մի փոքրիկ տաճար էինք նկատել, որի հետնամասում ժայռոտ մասերին նույնատիպ պատկեր էր նկարված: Հանգիստ քայլելով բարձրացանք այնտեղ: Տաճարի մոտից գեղեցիկ տեսարան էր բացվում. 4 կողմից սարերով շրջապատված մի հարթավայր, որի հենց մեջտեղում տեղ էր գտել Մարֆա գյուղը: Այն ուներ 1 հիմնական փողոց, որտեղից երբեմն նեղլիկ փակուղիներով կարելի էր հասնել հիմնական փողոցից քիչ հեռու տեղակայված տներին: Հիմնական փողոցը լի էր տարբեր խանութներով, որտեղ առավելապես վաճառում էին Նեպալյան և Տիբեթյան հուշանվերներ ու տեղում գործված հագուստի պարագաներ: Վաճառականները կանգնած էին խանութների դիմաց և անծանոթ անցորդներին ներս էին կանչում թեկուզ միայն նայելու համար, բայց եթե հանկարծ սխալվում ու ներս էիր մտնում, վաճառականներն այնպես եռանդով էին սկսում համոզել, որ վերջում ուզած-չուզած մի բան առնում էիր: – Ախր ինչպես կլիներ, մի՞թե այդքանի միջից ոչինչ չեք հավանում:
Ինչպես նկատեցինք, գյուղում գործում էր 2 դպրոց, չնայած գյուղն ինքնին մեծ չէր: Կար նաև մի մեծ գեղեցիկ կառույց, սպիտակ քարերով շարված: Դա Բուդդիստների տունն էր: Շինությունը հիմնականում դատարկ էր, բացի 1 սենյակից: Այդտեղ մի քանի երեխաներ ու երիտասարդներ դաս էին լսում, իսկ նրանց ուսուցիչը ինչ-որ բաներ էր գրում գրատախտակին ու բացատրում:
Բոլոր հյուրանոցներն իրենց ետնամասում այգիներ ունեին, որտեղ, բացի պարտադիր կերպով հանդիպող խնձորենիներից, կարելի էր հանդիպել լոլիկներ, կաղամբ ու այլ կանաչ բույսերի, որոնք, կարծում եմ, կիրառվում էին հենց հյուրանոցում պատրաստվող սննդի մեջ: Այստեղ փորձածս ամենահամեղ բանը թերևս “apple crumble” թխվածքն էր, որը հայտնի էր տեղացիների մոտ որպես Մարֆայի հպարտություն:
Մարֆայում կատարվածներից ամենահիշվողն ու ծիծաղելին այն էր, որ մենք գիշերով էլի դուրս էինք եկել քայլելու, իսկ ամբողջ գյուղում խնձորենիներն իրենց կարմրաթուշ պտուղներով գայթակղում էին մեզ: Մենք չդիմացանք, մոտակա ամենահարմար ծառից մի քանի խնձոր պոկեցինք ու մեր արածի վրա բարձր ծիծաղելով վերադարձանք հյուրատուն: Սրանք ամենահամեղ խնձորներն էին, որ մենք փորձել էինք Նեպալում 🙂

Օր 21. Կալոպանի
Նորից ճամփա ընկանք: Հաջորդ նախատեսված կանգառը Կալոպանին էր: Մոտ 4-5 ժամ քայլելու էինք: Սկզբում ճանապարհը անհետաքրքիր էր: Անցնում էր փոշոտ ու չոր վայրերով: Բայց գնալով այն փոխվում էր: Ճանապարհի մի կողմում դեռ չոր, համարյա առանց բուսականության սարեր էին, իսկ մյուս կողմում արդեն հազվադեպ հանդիպող ծառերը վերածվել էին խիտ անտառների, որոնք հիմնականում փշատերև անտառներով էին ծածկված: Սարերի գագաթներից սկսեցին երբեմն ջրվեժներ երևալ, որոնք, սակայն, այդքան էլ ջրառատ չէին:
Վերջապես անապատային տարածքներից դուրս եկանք ու վերադարձանք կանաչ վայրեր:
Անցանք 3-4 գյուղի միջով, որտեղ երեխաները օտարերկրացի տեսնելուն պես մոտ էին վազում ու քաղցրավենիք ուզում:
Ճանապարհի վերջին մասն անցնում էր ջունգլիների կողքով: Ծառերից իրար փաթաթված ներքև էին կախվել լիանաները, իսկ ներքևում, գետի ափին, մի քանի երեխաներ կային, որոնք վայրի գազանիկների պես խախում էին միասին ու աղմկում: Ակամա Մաուգլիի հեքիաթը հիշեցի: Այդ երեխաները այնքան նման էին հասարակությունից հեռու, վայրի բնության մեջ գազանների հետ միասին մեծացող փոքրիկների, որոնց բացի խաղերից ու սննդից ուրիշ ոչինչ չէր հուզում:
Հասանք Կալոպանի: Սա տեղի առողջարաններից մեկն էր: Բնակլիմայական պայմաններով և տեսքով շատ էր հիշեցնում մեր Դիլիջան քաղաքը: Այստեղ օդը սառնոտ էր, բայց նախորդ օրերի պես քամոտ չէր: 4 կողմից շրջապատված էր սարերով, որոնք ամբողջովին պատված էին շատ խիտ փշատերև անտառներով: Կանաչապատ սարերի հետևից երևում էին բարձր ձյունապատ լեռներ, որոնք երեկոյան արևամուտին հետաքրքիր կարմրավուն երանգ էին ստացել արևի ճառագայթներից: Դրանք Աննապուրնա 1 և Դաուլագիրի հսկաներն էին, որոնք Հիմալայան լեռնաշղթայի բացառիկ գեղեցկուհիների շարքին էին պատկանում:
Ի զարմանս մեզ՝ այստեղ ինտերնետ կար, որն աշխատում էր արևի էներգիայով (այս նույն եղանակով այստեղ ամենուր նաև ջուրն էին տաքացնում): Կալոպանիում արդեն տուրիստներ քիչ էին հանդիպում, քանի որ շատերն իրենց երթուղին ավարտում էին Ջոմսոմում և ինքնաթիռով վերադառնում Կատմանդու: Իսկ մենք դեռ պետք է շարունակեինք մեր ճանապարհը և ուղևորվեինք դեպի Տատոպանի:

Օր 22. Պոկհարա
 Այսօրվա վերջնակետը պետք է լիներ Տատոպանին: Մենք ունեինք ընտրության 2 տարբերակ: Կամ պետք է քայլեինք մոտ 6-7 ժամ, կամ էլ ավտոբուսով կամ մեկ այլ մեքենայով հասնեինք տեղ: Մեզ արդեն մի քանի նեպալցի տարբեր գյուղերից զգուշացրել էին, որ այսօրվա ճանապարհը շատ փոշոտ էր լինելու և քայլելու համար ոչ այնքան հաճելի, դրա համար որոշեցինք գնալ ավտոբուսով: Բայց այստեղից մինչև Տատոպանի գնացող տրանսպորտ չկար: Դրա համար պետք է հասնեինք Գազա, հետո մեկ այլ ավտոբուսով գնայինք Տատոպանի: Հյուրատան տերը, որ շատ բարի մի կին էր, մեզ օգնեց ավտոբուս կանգնեցնել, քանի որ ավտոբուսների վրա վերջնականգառների անվանումները գրված էին նեպալերեն, որը մենք անկարող էինք կարդալ: Նա նաև ավտոբուսի վարորդին զգուշացրեց, որ մեզանից ավել գումար չվերցնի, քանի որ այստեղ սիրում են տուրիստներին գները 4-5 անգամ ավել ասել:
 Ավտոբուսում նստելու մեկ տեղ էր միայն: Մենք մի կերպ մեր ուսապարկերը ներս մտցրեցինք, տեղավորվեցինք ու շարժվեցինք: Սա երևի այն “պարտադիր” արկածներից էր, որ պիտի ունենայինք: Մեքենայի մեջ հնդկական ուրախ երաժշտություն էր հնչում, իսկ ուղևորների մեծ մասը երգում էին ճանապարհին:
Ճանապարհն իրոք փոշոտ էր: Անգամ փակ պատուհանների արանքից փոշի էր ներս լցվում, ու շնչելն անտանելի էր դառնում: Բայց այն տեսարանները, որ բացվում էին մեր առջև, ուղղակի հիացնում էին: 4 կողմից շրջապատված էինք կանաչապատ լեռներով: Անգամ երբ տեղ-տեղ անտառները նոսրանում էին, միևնույն է, լեռներն արտասովոր կանաչ էին: Ներքևում հոսում էր Կալի Գանդակի գետը, որը երբեմն հանգիստ էր, երբեմն էլ կատաղած գազանի պես քարերին խփվելով առաջ էր շարժվում: Շատ հաճախ անցնում էինք այնպիսի նեղ ճանապարհներով, որ թվում էր, թե շուռ կգանք ու կգլորվենք ձորը: Բայց, բարեբախտաբար, այստեղի վարորդները սովոր էին ու կարողանում էին նման իրավիճակներից հեշտությամբ դուրս գալ: Շուտով հասանք Գազա: Իջանք ու փորձում էինք կայարանում Տատոպանի գնացող ավտոբուս գտնել: Ստիպված եղանք սպասել, քանի որ դեռ պարզ չէր, թե որ մի մեքենան պետք է գնա: Տեղում էին որոշում: Վերջապես որոշվեց, արագ տոմս առանք ու տեղավորվեցինք: Այս ավտոբուսը նախորդից շատ չէր տարբերվում, միայն այստեղ հնդկական երաժշտությունը կենդանի կատարմամբ էր:  Ավտոբուսի կեսը հնդիկներ էին, որոնք ճանապարհի մեծ մասը ձայն ձայնի տված ուրախ երգեր էին երգում: Օտարազգիներին էլ խնդրում էին, որ ինչ-որ բան կատարեին և հաճույքով լսում էին: Հայերեն երգերից հետո բերանները բաց ապշահար ծափ էին տալիս. իրենց խոսքով՝ շատ սիրուն երգեր էին: Գազայից Տատոպանի ճանապարհը իր փոշոտությամբ չէր զիջում նախորդին, բայց բնությունը մեզ ավելի ու ավելի էր զարմացնում: Ամեն մի մետր իջնելով՝ այն ավելի էր փոխվում: Արդեն հնարավոր չէր մի փոքր տեղ անգամ գտնել, որտեղ բուսականություն չլիներ: Նորից ճանապարհին սկսեցին հայտնվել բանանի ու կոկոսի արմավենիները, բամբուկի երկար ձողերը: Ամեն շրջադարձից հետո նոր ջրվեժներ էին երևում, որոնց մի մասը թաքնված էր կիրճերում՝ նեղլիկ ճեղքվածքներում: Արևի ճառագայթների տակ շողշողում էին հսկա թիթեռների թևիկները, որոնք ստվերում մուգ սև էին երևում, բայց արևի տակ դրանց գույնը կապույտ ծիածանվող երանգներ էր ստանում: Պահի տակ նկատեցինք ծառի վրա մի մեծ սարդոստայն, որից իր համար հանգիստ կախվել էր ափաչափ (եթե ոչ ավելի մեծ) մի դեղնավուն սարդ: խոտերի վրայով իրենց համար անհոգ թռնում էին ճպուռները, որոնք այստեղ վառ կարմիր կամ նուրբ երկնագույն երանգավորում ունեին: Այնպիսի տպավորություն էր, կարծես նորից կյանք ենք վերադառնում: 2 օրվա մեջ անապատային չոր ու անկենդան տարածքներից վերադարձանք չափազանց խիտ ու բազմազան բուսականությամբ ու գույնզգույն երանգներով նախշված կենդանական աշխարհով հարուստ մի մոլորակ:
Մեր ավտոբուսը գնում էր մինչև Բենի, բայց մենք ամեն դեպքում պետք է կանգ առնեինք Տատոպանիում: Այստեղ մեր տրեկինգի վերջին ստուգման կետն էր, որտեղ մեր հատուկ TIM քարտերի մեջ նշեցին, որ մենք դուրս ենք Աննապուրնայի շուրջ կատարվող տրեկինգի տարածքից: Բոլոր անհրաժեշտ գործողություններն ավարտելուց հետո նորից ճամփա ընկանք փոշոտ, բայց ահավոր գեղեցիկ վայրերով: Անգամ ափսոս էր, որ այդ ճանապարհները ոտքով չանցանք, որովհետև կարելի էր ավելի երկար վայելել բնության նման հրաշք տեսարանները:
Հասանք Բենի: Մտադրված էինք գիշերել այստեղ, բայց հարմար հյուրանոց փնտրելու համար ծախսված որոշ ժամանակ անց հասկացանք, որ պետք է հնարավորինս շուտ էստեղից փախնել: Դա մի անշուք փոշոտ գյուղակ էր, որտեղ ոչ մի հետաքրքիր բան չէր նկատվում, իսկ փողոցները լի էին առևտրականներով ու ահավոր կեղտոտ էին: Արագ տաքսի գտանք, իրերը տեղավորեցինք ու միանգամից ուղևորվեցինք դեպի Պոկհարա, որտեղ և պատրաստվում էինք անցկացնել հաջորդ մի քանի օրերը: Ճանապարհը Բենիից Պոկհարա երկար չէր, մոտ 2-2.5 ժամ: Ամբողջ օրը մեքենաների մեջ անցկացնելը ահագին հոգնեցնող է: Չգիտեմ ով ոնց, բայց իմ քունը շատ էր տանում, բայց ոչ մի վայրկյան անգամ աչքերս չեմ փակել: Չէի ուզում բաց թողնել ոչ մի ակնթարթ: Շուրջ բոլորը կարծես քիչ փոփոխվող, բայց նույնատիպ տեսարան լիներ, որը չնայած միևնույն է շարունակում էր զարմացնել: Միակ տարբերությունն այն էր, որ այստեղ արդեն ճանապարհը քիչ թե շատ ասֆալտապատ էր: Գնալով սարերն իրարից հեռանում էին՝ տեղ բացելով մի մեծ հարթավայրի, որտեղ էլ և տեղակայված էր Պոկհարա քաղաքը՝ 3-րդը իր մեծությամբ ու կարևորությամբ: Քաղաքի կողքին հեռվից նկատվում էին անտառներ, լճակ: Քաղաքի սկզբնամասը փոշոտ ու աղմկոտ էր, իսկ կենտրոնը, որը մոտ էր լճին, լուսավորված էր իրար հետևից շարված բազմաթիվ խանութների լույսերով ու լցված  էր վաճառականների ու տուրիստների միջև անվերջ գնային քննարկումներով: Կյանքն այստեղ եռում էր:

Եվ այսպես, Պոկհարա: Սա մի քաղաք է, որտեղից շատերը սկսում են իրենց տրեկը, իսկ մյուսները՝ մեզ նման ավարտում այստեղ: Քաղաքը լի էր օտարերկրացիներով, որոնցից ինչպես հետո պարզեցինք, շատերն ուղղակի այստեղ աշխատում են: Lakeside կոչվող թաղամասում մեկ հիմնական փողոց կար, որը լի էր տարատեսակ խանութներով, որտեղ կարելի էր գտնել տուրիստական պարագաներ, ազգային ոճի հագուստ, հուշանվերներ, ինչպես նաև շատ էին սննդի ու տնտեսական խանութները: Քաղաքում շատ էին հնդիկները: Այս օրը ինչ-որ հինդուիստական փառատոն էր, որն արտահայտվում էր ճակատներին կարմիր գույնով ներկված բրինձ կպցնելով ու տանը մնալով: Անգամ շատ խանութներ, ռեստորաններ ու հյուրանոցներ փակում էին դռները առավոտյան 11-ին: Սարի լանջին ինչ-որ սպիտակ տաճար էր երևում: Ասում են՝ այդ փառատոնի առթիվ տաճարում կենդանիներ են զոհաբերում և այլ արարողություններ են անցկացնում: Քաղաքին կպած մի լճակ կար Ֆեվա անունով, որտեղ վարձով նավակներ էին տրամադրում: Մենք էլ վերցրեցինք այդ նավակներից մեկը ու անցանք շրջակայքը ուսումնասիրելու: Լճի մյուս ափը ամբողջովին պատված էր ջունգլիներով: Որոշեցինք մոտենալ և տեսնել, թե ինչ հետաքրքիր բան կարող ենք գտնել: Հեռվից այն նման էր պարզապես սովորականից մի քիչ ավելի բարձր ծառերով խիտ անտառի: Բայց երբ մոտեցանք, ամեն ինչ այլ կերպ էր իրականում: Ծառերն իրոք բարձր էին ու շատ խիտ դասավորված: Բայց այդ ծառերը շատ արտասովոր տեսք ունեին: Անգամ դրանցից մեկից նկատեցի, որ ինչ-որ տարօրինակ բան էր կախված: Ուշադիր նայելուց դա նմանեցրի հսկա լոբու. մոտ կես մետր երկարության հասնող լոբի կարծես լիներ: Ծառերն իրար էին միացված լիանաների “պարաններով”, որոնք երբեմն իրար վրա հավաքվելով խիտ բազմություն էին կազմում և ջրվեժի պես թափվում էին լճի մեջ: Գետնին շատ հետաքրքիր բույսեր ու արտասովոր սիրուն ծաղիկներ էին աճած, իսկ դրանց շուրջ անհոգ թռվռթւմ էին հարյուրավոր մեծ ու փոքր թիթեռներ: Անռատի խորքից ինչ-որ ձայներ էին գալիս, որոնք երբեմն ուժեղանում, երբեմն էլ թուլանում էին: Հաստատ ինչ-որ կենդանիներ էին, որոնց չկարողացանք նկարել: Նավակով ափին շատ մոտ էինք լողում: Երբեմն անցնում էինք լճի վրա կախված ծառի հաստ ճյուղերի տակով: Հանկարծ հեռվում աղմուկ լսվեց, ու կարծես մի ծանր բան ջուրն ընկներ: Բոլորիս ուշադրությունը թեքվեց դեպի այդ կողմը: Ծառերից մեկի վրա շարժում նկատեցինք: Քիչ ավել մոտենալուց ու ուշադիր նայելուց հետո նկատեցինք, որ այդ կողմում ծառերի վրա փոքրիկ կապիկների մի խումբ կար: Երևի մակականեր էին, նման էին ամեն դեպքում: Դրանք իրենց համար թռնում էին ծառից ծառ, կախվում էին ճյուղերից, տերևներ պոկում և ներքև ընկած տերևներն ու պտուղները շատ զգուշությամբ հանում էին ջրից՝ ճկունորեն կախվելով ծառի ճյուղերից: Մեզ նկատելուց հետո կապիկները խուճապի մատնվեցին, սկսեցին աղմկել ու վեր բարձրանալ: Իսկ երբ մեր նավակը, թեկուզ և շատ դանդաղ ու անաղմուկ, անցնում էր իրենց ծառի տակով, նրանք կարծես պայմանավորված ձևով սկսեցին միասին ծառը թափ տալ, և մեր գլխին տերևներից “անձրև” տեղաց: Կարծում եմ՝ բախտներս բերել էր, որ կոկոսի ծառի տակով չէինք անցնում: Մի քիչ հեռվանալով շարունակում էինք հետևել փոքրիկ կապիկների պահվածքին: Դրանք որոշ ժամանակ մնացին ծառերի վերևի ճյուղերին՝ հայացքներով հետևելով մեզ: Երբ վստահ եղան, որ իրենց այլևս վտանգ չի սպառնում, նորից անցան իրենց անհոգ խաղերին:
Մեր ժամանակը սպառվում էր, և մենք պետք է նավակը վերադարձնեինք, բայց մենք որոշեցինք անպայման վերադառնալ ջունգլիներ՝ այն ավելի լավ ուսումնասիրելու նպատակով:
Այն նույն հիմնական փողոցով քայլելիս նկատել էինք, որ շատ ակումբներ կան: Երեկոյան որոշեցինք գնանք դրանցից մեկը և մի քիչ պարել, զվարճանալ: Սակայն այստեղի ակումբները մեր պատկերացրածը չէին: Էստեղ ակումբների մուտքին գրված էր “Dance bar”, բայց պարում էին միայն աշխատողները՝ հատուկ բեմի վրա: Մի քանի հոգու հարցուփորձ անելուց հետո հասկացանք, որ այստեղ բոլոր ակումբներն էին այդպիսին: Որոշեցինք մտնել մեր հյուրանոցից քիչ հեռու գտնվող “Blues Bar”-ը, որտեղ կենդանի երաժշտություն էր: Այստեղ մեծ մասը օտարերկրացիներ էին, անգամ աշխատողները: Երաժշտությունը լավն էր, տրամադրող: Որոշ ժամանակ անց ծանոթացանք մի խումբ ռուսների հետ, որոնք արդեն մի քանի տարի է ապրում և աշխատում էին Պոկհարայում: Այստեղ՝ Պոկհարայում է գտնվում պարագլայդինգի՝ աշխարհում ամենահայտնի կենտրոններից մեկը: Այն մարդիկ, ում հետ ծանոթացանք ակումբում, հիմնականում պարագլայդինգի թռիչքներով էին զբաղվում: Դա էր իրենց կյանքն այստեղ, երբ աշխատանքն ու հաճույքը համատեղվում էին մի տեղ: Նստեցինք, խոսեցինք մեր նոր ծանոթների հետ, քննարկեցինք նեպալյան կյանքը ու վերադարձանք հյուրանոց: Արդեն շատ ուշ էր, կեսգիշերն անց: Վերջին 3 շաբաթվա մեջ առաջին անգամ էր, որ այս ժամին մենք դեռ քնած չէինք: Անսովոր էր: Մեր նոր ծանոթներն ասացին, որ ուրբաթ օրերին այստեղ որոշ ակումբներում ուրախ երեկույթներ են լինում: Հավանաբար այս ուրբաթ մենք նույնպես կմասնակցենք զվարճանքին: Դեռ 3-4 օր մնալու ենք Պոկհարայում. շատ բան ունենք տեսնելու ու պատմելու:

Վերջին 2 օրերի ընթացքում ոչ մի հետաքրքիր ու արտառոց բան չէր կատարվել: Սովորական առօրյա էր, երբ բոլորը օրվա մեծ մասն առևտուր անելով էին անցկացնում:
Պոկհարայում մի վայր կա, որը հայտնի է իր գեղեցկությամբ ու հետաքրքրությամբ: Դա իրար հաջորդող մի քարանձավ ու ջրվեժ էին: Այսօր գնացինք դա էլ տեսնելու: Gupteshwor Mahadev կոչվող քարանձավն իրենից ներկայացնում էր մի քանի սենյակ ունեցող, ամբողջովին կաթոցներով հագեցած, շատ շոգ ու խոնավ մի վայր, որն ամբողջովին հարմարեցված էր տուրիստների համար. արհեստական լուսավորություն, աստիճաններ և այլն: Ներսում, հենց մուտքի մոտ, Շիվա աստվածուհուն նվիրված արձան էր կանգնեցված, որը շրջապատված էր քարե օձերով: Քարանձավը համարվում է Ասիայում ամենահին ու ամենամեծերից մեկը: Այն մոտ 5000 տարեկան է: Սենյակներից ամենավերջինը փակ էր պատնեշներով, որպեսզի մարդիկ դրանից այն կողմ չանցնեն: Հեռվում երևում էր լուսավոր մի ճեղք, որով վերջանում էր քարանձավը, իսկ այդ ճեղքից այն կողմ գտնվում էր Սատանայի ջրվեժը (Devil’s Fall): Ջրվեժի մուտքն ուրիշ կողմից էր: Այն չէր երևում քարանձավի ներսից: Այն ինքնին մեծ չէր, բայց յուրահատուկ տեսք ուներ: Ջուրը թափվում էր բնական բացված կլոր անցքերի մեջ ու հոսում ալիքաձև տեսք ունեցող պատերի արանքով: Ասում են՝ անձրևների շրջանում  ջրվեժն իր չափերը մի քանի անգամ գերազանցում է և լրիվ այն տեսք է ունենում:
Երեկոյան այստեղ բոլորը նավակ են վարձում և լճով մեկ շրջում: Լճի մեջտեղում մի կղզյակ կա, որի վրա բուդդիստական տաճար կա կառուցված: Այդ կղզյակը միշտ լի է մարդկանցով: Տաճարը զարդարված էր դեղին ծաղիկներով պատրաստված նախշերով, տարածքում տարբեր մեծության զանգեր էին կախված, որոնք պարբերաբար հնչեցվում էին անցորդների կողմից: Լճի ջուրը շատ հանգիստ էր, քամի չկար: Երբ արևը էլ գլխավերևում չէր, բայց դեռ մութ էլ չէր դրսում, ձկները սկսեցին թռվռալ ջրի մեջ: Որսի էին դուրս եկել: Ամեն կողմում կարելի էր նկատել մեծ ու փոքր ձկների, որոնք ջրից դուրս էին ցատկում միջատներ որսալու համար: Կարելի էր ժամերով նստել նավակի մեջ, լճի մեջտեղում, հետևել ձկների որսին, երկնքում ճախրող ուրուրներին ու լիովին լիցքաթափվել, հանգստանալ:

Այսօր մեր վերջին օրն էր, որ պետք է անցկացնեինք Պոկհարայում: Արդեն քանի օր է այստեղ ենք ու սովորել ենք քաղաքին: Կարծես հարազատ դարձած լինի: Բայց դեռ մի բան մնացել էր, որ չէինք իրականացրել: Դա ջունգլի կոչվող անտառում քայլելն էր: Ջունգլիին հասնելու համար պետք էր շրջանցել լիճը, քանի որ այնտեղ հասնելու այն ճանապարհ չկար: Քայլելով հասանք լճի եզրին: Այստեղ վերջանում էին տները ու մի քանի արահետ էր բացվում անտառի մեջ: Մենք ընտրեցինք պատահական մի արահետ ու մտանք անտառ: Այն բավականին խիտ էր, բարձր ծառերով ու առատ բուսականությամբ: Արահետները անընդհատ ճյուղավորվում էին ու գնում տարբեր ուղղություններով, իսկ մենք շարունակում էինք հետևել պատահական ուղիներին՝ փորձելով հիշել հետադարձի ճանապարհը: Ընթացքում դուրս եկանք մի փոքրիկ բացատում, որտեղից շատ գեղեցիկ տեսարան էր բացվում: Ամբողջ Պոկհարան կարծես ափի մեջ երևում էր: Երկնքում անզեն աչքով կարելի էր տեսնել տասնյակ պարագլայդիստների, որոնք դանդաղ ճախրում էին Պոկհարայի վերևում: Իսկ ներքևում, լճի ափին, ջունգլիների եզրին, մի փոքրիկ տարածք կար, որտեղ կառուցված էր այդտեղի երևի ամենագեղեցիկ ու ամենալավ պայմաններով կառուցված հյուրանոցային մի համալիր, որտեղ հասնելու համար հաճախորդներին տեղափոխում էին հատուկ նավակներով: Շարունակեցինք մեր ճանապարհը անհայտ արահետներով, որտեղ մեր ոտքերին տզրուկներին մի հսկա բանակ հարձակվեց: Թարմ արյան հոտ էին զգացել: Դրանցից ազատվելու լավագույն միջոցը անտառից դուրս պրծնելն էր: Մոտակայքում մոտ 2ք.մ. տարածքով ցամաք տեսանք: Մի կերպ դուրս եկանք էդտեղ ու մինչև մեր ոտքերն ազատում էինք սառն ու թաց սև տզրուկներից, որոնք կոշիկների ամենանեղ արանքներից հասցրել էին սողոսկել ներս, մեզ մոտեցավ մի տեղացի՝ իր նավակով ափ հասցնելու իր առաջարկով (վճարովի իհարկե): Մենք կարող էինք իհարկե շարունակել մեր ճամփորդությունը այդ փոքրիկ ջունգլիով, բայց նախընտրեցինք այլևս սնունդ չդառնալ տզրուկների և այլ տարօրինակ միջատների համար: Ափ դուրս գալուց հետո շարունակեցինք քայլել փողոցներով, որտեղ թե կապիկների, թե օձերի հետ հանդիպումը արդեն ոչ ոքի չէր զարմացնում: Մութն ընկնելուց հետո վերադարձանք հյուրանոց: Պետք էր իրերը հավաքել, քանի որ առավոտյան վերադառնալու էինք Կատմանդու:

Օր 29. Կատմանդու
Ժամանակն է հրաժեշտ տալ ակտիվ կյանքով լեցուն հանրահայտ Պոկհարա քաղաքին ու վերադառնալ Կատմանդու: Ավտոբուսներն այստեղից շարժվում են առավոտյան 7:30: Ավտոկայանը լի էր տուրիստական ավտոբուսներով և տոմսերը ձեռքներին իրենց ավտոբուսը փնտրող տուրիստներով: Ավտոբուսների կողքերով պտտվում էրն տարատեսակ բլիթներ ու թխվածքներ վաճառող տեղացիները: Երբ բոլոր իրերը տեղավորեցին ավտոբուսի տանիքին և ուղևորները զբաղեցրին իրենց տեղերը, ճամփա ընկանք: Ճանապարհը անվերջանալի էին թվում: 7 ժամվա ընթացքում տեսարանները անընդհատ փոփոխվում էին: Գնալով ավելի հաճախ էին հանդիպում հարթավայրերում տեղակայված գյուղերը, հորիզոնում երևացող սարերը գնալով ավելի ցածր էին դառնում, սակայն կյանքը եռում էր ամենուր: Երբ հասանք Կատմանդու, կարծես այլ աշխարհում հայտնվեինք: Փողոցները փոշոտ ու կեղտոտ էին, լի ինչ-որ տեղ շտապող մարդկանցով: Այստեղ կապիկները առանց մարդկանցից վախենալու շրջում էին քաղաքի փողոցներում, կարծես դա նույնպես իրենց սովորական բնակավայրն էր: Քաղաքում փոշին այնքան շատ էր, որ անհնար էր քայլել առանց պաշտպանիչ դիմակների: Քաղաքի նեղլիկ փողոցներով աղմուկով անցնում էին մոտոցիկլետներն ու ռիկշաները, իսկ մարդիկ փորձում էին զգուշորեն շրջանցել դրանց, քանի որ քաղաքում առանձնացված մայթեր գոյություն չունեին, ու մարդիկ ստիպված էին քայլել մեքենաների հետ հավասար՝ նույն փողոցներով: Մութն ընկնելուն պես խանութներում մեծանում էր ակտիվությունը, վաճառականները անցորդներին “ստիպողաբար” հրավիրում էին իրենց խանութները ուղղակի ինչ-որ բան ցույց տալու, իսկ հետո սկսում էին համոզել, որ անպայման մի բան առնեն (ճիշտ Մարֆայի պես): Ցանկացած իր գնելիս կարելի էր մինչև 4-5 անգամ գինն իջեցնել՝ լավ համոզելու դեպքում: Փողոցում քայլելիս մոտենում էին պատահական անցորդներ կամ ռիկշաներ և իբր բոլորից թաքուն հաշիշ առաջարկում տուրիստներին: Լեռներում անցկացրած հանգիստ, հրաշալի տեսարաններով հարուստ ու մաքուր վայրերից հետո Կատմանդուում մնալն անհնար էր: Ինչքան էլ Նեպալը դուրներս շատ էր եկել, արդեն մտածում էինք այս քաղաքից շուտ հեռանալու մասին: բայդ դեռ 2 օր պետք է մնայինք, քանի որ մեր հետադարձ տոմսը դեպի Դելի միայն 2 օրից էր: Իսկ լավագույն միջոցն այդտեղ ժամանակն անցկացնելու համար դա քաղաքում զբոսնելն էր ու հուշանվերներ գնելը:

Օր 30. Ուղղությունը՝ Դելի
Կատմանդուում, հենց մեր հյուրանոցի դիմաց մի սրճարան կար, որն արտաքինից այդքան էլ գրավիչ տեսք չուներ, բայց էնտեղ համեղ սուրճերի մեծ տեսականի կար: Առավոտյան մեր նախաճաշն այս անգամ փոխարինեցինք թարմ պատրաստված տաք սուրճով ու կրուասաններով: Մեր թռիչքը ցերեկվա ժամը 2-ին էր, այդ պատճառով նախաճաշից քիչ անց հավաքվեցինք, տաքսի նստեցինք ու ուղևորվեցինք դեպի օդանավակայան: Այստեղ օդանավակայանի շենք կարող էին մուտք գործել միայն ուղևորները՝ պահակակետերում տոմսերն ու անձնագրերը ցույց տալուց հետո: Բոլոր ստուգման կետերում հերթերն առանձնացված էին կանանց ու տղամարդկանց խմբերի: Անվտանգության սարքերի միջով անցնելուց հետո պարտադիր անհատական ստուգում էին անցկացնում: Ինքնաթիռը արագ թափ հավաքելուց հետո թեթև պոկվեց երկրից ու բարձրացավ վերև: Ինչքան շատ էր բարձրություն հավաքում, այնքան ավելի լավ էր երևում ներքևում բացվող տեսարանը: Կատմանդուն գտնվում էր սարերի արանքում՝ լայն բացված հարթավայրի վրա, իսկ հեռվում երևում էր հսկայական ու անվերջանալի թվացող Հիմալայան լեռնաշղթան, որտեղ իրար հետևից շարված էին տարբեր անուններ կրող բարձրագագաթ ու ձյունասպիտակ լեռնաշղթաները: Հեռվից անգամ հնարավոր եղավ տարբերել Աննապուրնան, որի շուրջ տեղի էր ունեցել մեր ճամփորդությունը: Այն մի հսկա գեղեցկուհու պես հպարտորեն կանգնած էր՝ վեր խոյացած իր 4 գագաթներով, որոնցից հենց առաջինը 8000-անոց էր: Ինքնաթիռի շրջադարձերի հետ փոխվում էր պատուհանից երևացող տեսարանը: Լեռնաշղթաները հաջորդում էին մեկը մյուսին: Բոլոր երևացող սարերը հնարավոր եղավ տեսնել տարբեր կողմերից: Ժամանակի ընթացքում լեռնային գոտին փոխարինվեց հարթավայրայինով, ու մենք հասկացանք, որ արդեն Հնդկաստանի տարածքում ենք: Երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել, մինչ այդ երևացող պարզ ու կապույտ երկինքն անհետացավ: Դելիում այն ծածկված էր ամբողջ քաղաքի վրա տարածված սմոգով, որի հետևանքով տեսանելիությունը բավականին վատն էր: Ամբողջ քաղաքը կարծես դեղին մշուշի մեջ լիներ:
Մեր հետադարձ թռիչքը դեպի Երևան հաջորդ օրվա լուսադեմին էր, ու մենք պետք այդ օրը Դելիում անցկացնեինք: Տաքսի վերցրեցինք ու գնացինք դեպի քաղաքի կենտրոն, ավելի ճիշտ այն կողմերը, որտեղ մեր հյուրանոցն էր, քանի որ այդ տարածքին արդեն համեմատաբար ծանոթ էինք: Ճանապարհն անցնում էր երևի Դելիի ամենագեղեցիկ թաղամասերով, որտեղ փողոցի 2 կողմից բարձր արմավենիներ էին աճում, որոնց ետևում գեղեցիկ կառույցներ էին թաքնված: Այս ամենը չէր կարելի ասել այն թաղամասի վերաբերյալ, որտեղ մենք ուղևորվում էինք: Այն լի էր փողոցում աղբի կույտերի վրա տեղավորված կեղտոտ անտուն մարդկանցով, ամեն անկյունում լցված կեղտերով, ինչպես նաև վաճառականներով ու փողոցում հնդկական հետաքրքիր ուտելիքներ պատրաստող մարդկանցով: Մենք հետաքրքրությունից դրդված փորձեցինք այդ ուտելիքներից մի քանիսը: Դրանք մի տեսակ անսովոր համ ունեին, բայց ինչպես և հնդկական մյուս ուտելիքները, շատ կծու ու շատ համեղ էին: Արդեն մութն ընկել էր, ու տոնավաճառում սկսվել էր ամենօրյա եռուզեռը: Այստեղ կարելի էր գտնել ցանկացած իր, սկսաց հնդկական ազգային հագուստներից մինչև օտարազգի տուրիստներից ձեռք բերած զանազան մանրուքներ: Մենք որոշ իրեր գնեցինք, վերջին անգամ ընթրեցինք Հնդկաստանում, որոշ հետաքրքիր ու մեզ անծանոթ մրգեր փորձեցինք, հինայով նախշեր արեցինք մեր ձեռքերին ու ճամփա ընկանք դեպի օդանավակայան: Քանի որ մենք մնալու տեղ չունեինք, մեր թռիչքից մի քանի ժամ շուտ եկանք օդանավակայան: Այստեղ նույնպես, ինչպես և Կատմանդուում, ներս էին թողնում միայն անձնագիրն ու տոմսերը ստուգելուց հետո, սակայն օդանավակայանի ներսում ամեն ինչ այլ կերպ էր: Այն ավելի նման էր եվրոպական օդանավակայաններին, հագեցած բոլոր անհրաժեշտություններով: Գրանցումն անցնելուց հետո սրճեցինք, համեղ թխվացքներ փորձեցինք ու գնացինք քնելու: Այո, քնելու, քանի որ դեռ մի քանի ժամ ունեինք մինչև թռիչքը, իսկ այստեղ քնելու համար հատուկ նստարաններ էին հարմարեցված հենց մեր մուտքի մոտ: Վերջապես ժամանակն էր ինքնաթիռ բարձրանալու: Մենք ուրախ էինք, որ վերադառնում էինք հարազատ երկիր, որտեղ մեզ վաղուց սպասում էին մեր հարազատները, սակայն սրտներիս մի մասը թողնում էինք մեր տնից հեռու՝ խորհրդավոր Նեպալում, ով գիտե, գուցե մի օր վերադառնալու ակնկալիքով:

Եվ վերջում…
Սա մինչև այսօր իրականացված մեր ամենաերկար, բայց ամենահետաքրիր ու ամենահիշվող ճամփորդությունն էր՝ լի արկածներով ու նորանոր զգացողություններով: Ամեն մի օրն իր հետ նոր շունչ էր բերում: Սրտի թրթիռով սպասում էինք մեր դիմաց անսպասելի բացվող տեսարաններին ու ամեն անգամ հիանում դրանցով: Չեմ հոգնի կրկնել, որ Նեպալը այլ աշխարհ է, լիովին տարբերվող մշակույթով ու հիմնականում բարի, հյուրընկալ մարդկանցով: Սակայն այստեղ ամեն ինչի գինը մի քանի անգամ բարձրանում էր տրեկինգի ընթացքում՝ կախված բնակավայրերի բարձրությունից: Հյուրատները չէին ջեռուցվում, լողանալու համար ջուրը տաքացվում էր արևի էներգիայով, բայց այս ամենը մեզ չէր հուզում: Տեղացիները, կարծես մտածում էին շրջակա միջավայրի ու օդի մաքրության մասին. էստեղ ծխող մարդիկ համարյա չէին հանդիպում: Բայց կա մի բան, որ երբեք չի կարելի մոռանալ: Նեպալում պետք է միշտ ձեռքի տակ մի քանի նկար ունենալ այլ փաստաթղթերի հետ միասին, քանի որ ցանկացած պահի դրանք կարող էին պետք գալ (սեփական փորձը շատ բան է սովորեցնում):
Ի դեպ, նշեմ, որ մեր ճամփորդության ժամանակ Նեպալում հուլիս ամիսն էր, 2069թ!!!

Ահա և վերջ: Ավարտվեց մեր ճամփորդությունը իմ պատմության հետ միասին: Հուսով եմ՝ չձանձրացրեցի ձեզ և կարողացա թեկուզ մի պահ մտովի տեղափոխել հրաշալի մի երկիր, որ կոչվում է Նեպալ: Մեր արկածները շարունակվելու են, պատմությունները նույնպես: Այնպես որ՝ շուտով կհանդիպենք:

Իսկ մեր ճամփորդության ընթացքում նկարահանած տեսանյութը կարող եք դիտել այստեղ.
http://zarakhachikyan.blogspot.com/2012/11/armenian-extreme-club-annapurna.html

Նամաստե!


One thought on “ԷՔՍՏՐԵՄԱԼՆԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԻՄԱԼԱՅՆԵՐՈՒՄ. ԱՆՆԱՊՈՒՐՆԱ

  1. qo graci shnorhiv mtovi texaphoxveci Nepali xorhrdavor vajrer@, vorosh chaphov canotaca ajntexi artasovor ev hetaqrqrir patmutyunnerin ev avandujtnerin, zgaci Nepali ev Delii shunch@… shat shnorhakalutyun nman bovandakalic ev gexarvestakan nkaragrutyunneri hamar 🙂

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s