Վիշապալիճ

Հեյ, ճամփաներ, ճամփաներ,
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ու՞ր գնացին, ճամփաներ…
                 Հ. Թումանյան


Հունիսի 16-ն էր, ամառային մի շոգ օր: Որոշել էինք այսօր փախնել քաղաքի փոշուց ու աղմուկից ու գնալ մարդկանց կողմից մոռացված մի վայր, որ կոչվում էր Վիշապալիճ (հայտնի է նաև Վանքի լիճ և Գեղարդալիճ անվանումներով): Շատերն անգամ չգիտեն էլ, որ Հայաստանում գոյություն ունի նման մի հրաշագեղ լիճ՝ թաքնված Գեղամա լեռներում՝ շրջապատված Վիշապասար ու Աժդահակ անունները կրող վեհ լեռներով: Չնայած այրող շոգին՝ Աժդահակի վրա դեռ ձյուն էր նստած: Զարմանալի չէր, քանի որ այդ հսկան ծովի մակարդակից 3598մ բարձրության վրա է գտնվում: Իսկ ահա այն լիճն, ուր մենք ուղևորվում էինք, ընդամենը ծ.մ. 2620մ բարձրության վրա էր: 
Ճանապարհը հեշտ էր թվում, հիմնականում հարթ, դաշտավայրային տարածքներով էինք անցնում: Սակայն կիզիչ արևը գնալով ավելի ու ավելի էր բարդացնում մեր ուղին: Ստիպված էինք լինում հաճախ կարճատև կանգառներ անել, շունչ քաշել, ջուր խմել, ու նոր շարունակել ճանապարհը: Ամբողջ ճանապարհին մեզ հետ էին աննկարագրելի սիրուն լեռնային տեսարաններն ու բազմագույն ծաղկազարդ դաշտերը: Իսկ Արարատն իր հպարտ վեհությամբ անընդմեջ ուղեկցում էր մեզ:
Հենց ճանապարհի սկզբում անցանք Գեղարդի կիրճի մոտով: Կախարդական տեսարան էր: Ժայռապատ լեռների արանքում բացվում էր մի աննկարագրելի գեղեցկության բնության հրաշք, իսկ կիրճի ներքևում նկատելի էր Հայաստանի պատմամշակութային կոթողներից մեկը՝ Գեղարդի վանքը (հնում հայտնի որպես Այրիվանք): Դժվար էր կտրվել այդ տեսարանից, բայց մեզ դեռ երկար ճանապարհ էր սպասվում, ու պետք էր քայլել առաջ: 


Շոգը շարունակում էր ամեն կերպ խանգարել մեզ, բայց միայն այն միտքը, թե ուր ենք մենք գնում, մեզ ստիպում էր ուժեղ լինել ու շարժվել առաջ: 

Ճանապարհին շատ հաճախ էին հանդիպում կովերի ու ոչխարների հոտերը՝ իրենց հովիվներով: Մի քանի տեղ հեռվում երևացին նաև եզդիների ամառային “ճամբարները” (յայլաներ), որտեղ նրանք բնակվում ու կենդանիներն էին արածացնում ամբողջ ամառվա ընթացքում: Երբեմն ցուլերը փորձում էին մեզ հասկացնել, որ իրենց տարածքից հեռու մնանք, երբեմն էլ շներն էին մեզ զգուշացնում, որ կենդանիներին չմոտենանք! 



Ինչևէ, ճանապարհը բավականին երկար էր, Գեղարդ գյուղից 9կմ հեռավորության վրա էր գտնվում մեր վերջնակետը: Ու այս ճանապարհը մենք անցանք 4,5 ժամում: Լավ հոգնել էինք, երբ հեռվում սկսեց երևալ լճի կողքին տեղադրված 2 վիշապաքարերից մեկը: Հասկացանք, որ արդեն հասել ենք: Հավաքեցինք մեր վերջին ուժերն ու առաջ դեպի հանգիստը 🙂


Մենք ճիշտ էինք նկատել: Դա իսկապես վիշապաքար էր, որն ուներ 3,5մ բարձրություն: Այստեղի 2 վիշապաքարերն էլ Ք.Ա. 2-3 հազարամյակի պատմություն ունեն: Դրանց վրա արագիլներ էին քանդակված… Պարզվում է՝ ամբողջ Հայաստանի տարածքում վիշապաքարեր կան, որոնց տարիքը հասնում է մինչև Ք.Ա. 7-րդ հազարամյակի, իսկ բարձրությունը 5,06մ-ի: Դրանք ունեցել են ձկան տեսք, իսկ վրաները քանդակվել են ջրի հետ կապ ունեցող կենդանիներ, ինչպիսիք են ցուլը, օձը, ձուկը, արագիլը և այլ կենդանիներ ու թռչուններ: Տեղադրվել են հիմնականում գետերի հուների, լճերի, ջրային ավազանների տարածքում՝ որպես բերրիության ու առատության հովանավորներ:


Իսկ ահա լիճը … Դա մի կապուտակ գեղեցկուհի էր՝ թաքնված Գեղամա լեռներում: Ալիքներն այնքան մեղմ էին շարժվում, որ ձայնը հիպնոսացնում էր: Ջուրը բավականին սառն էր, բայց դա չկանգնեցրեց մեր տղաներին (և ոչ միայն): Մի քանիսը շտապեցին նետվել ջուրը ու թարմանալ: Մոտ 2 ժամ լճի ափին հանգստանալուց հետո մենք ինքներս մեզ ստիպեցինք հավաքվել ու ետդարձի ճամփան բռնել: Դժվար էր իհարկե կտրվել այդ վայրից: Շշերը լցրեցինք մոտակա աղբյուրից հոսող սառնորակ ջրով ու սկսեցինք քայլել:
Այժմ ճանապարհն ավելի թեթև էր թվում: Համ մենք էինք հանգստացել, համ էլ ճանապարհը դեպի ներքև էր իջնում: Նորից անցանք գունագեղ դաշտերով, հիացանք մեզ շրջապատող հիասքանչ տեսարաններով՝ վայելելով ամեն մի մանրուք: Գյուղ հասանք 3,5 ժամ անց: Բոլորս շատ հոգնել էինք: Քիչ չէր մեկ օրում անցնել 18կմ, այն էլ նման վառող արևի տակ… Բայց բոլորի տրամադրությունը շատ բարձր էր: Վերադարձին մեքենայի մեջ արդեն ուրախ խաղեր էինք խաղում, կատակներ անում, ու կարծես դա մենք չէինք, որ մեկ ժամ առաջ անգամ խոսել չէինք կարողանում:


Ոչինչ չի կարող խանգարել մեզ վայելել կյանքն ու բնության նվիրած հրաշքները: Գնահատենք ու պահպանենք այն, ինչ ունենք, ինչ մեզ մեծահոգաբար տալիս է բնությունը…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s