ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀ. ՏԱԹԵՎ, ԽՆՁՈՐԵՍԿ

Ամառային մի շոգ օր հավաքվեցինք, մի մեեեծ խումբ կազմեցինք ու ուղևորվեցինք դեպի Սյունիք, որտեղ մեզ էին սպասում միստիկ  ու լեգենդներով լի պատմություններ: 
Եվ այսպես, լույսը նոր բացված հանդիպեցինք, տեղավորվեցինք մեքենաների մեջ ու ճամփա ընկանք: Առաջին կանգառը Արենիում էր, Հայաստանի գինեգործության գլխավոր կենտրոնում: Այստեղ էր, որ հայտնաբերվել էր 6000 տարվա պատմություն ունեցող ու ամբողջ աշխարհում նմանը չունեցող գինեգործարանը՝ գինեգործության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, սերմերի ու պտուղների հետքերով: Այս նույն տեղում էր գտնվել նաև աշխարհում ամենահին կաշվե կոշիկը: Այստեղ է, որ տասնյակ ու հարյուրավոր տարիներ զարգացել ու շարունակում են ծաղկել Հայկական գինիները՝ իրենց նրբահամ տեսակներով: 
Տեղում բազմազան գինիների համտես անելուց ու թեթև նախաճաշելուց հետո շարունակեցինք մեր այսօրվա երկար ճանապարհը, և կանգ առանք թերևս Հայաստանի, ինչու չէ, նաև աշխարհի ամենամիստիկ վայրերից մեկում՝ Քարահունջում, որը տեղացիները հպարտորեն անվանում են Զորաց Քարեր: Ըստ ավանդույթների՝ այս քարերը քարացած զինվորներ են, կամ հարսանեկան արարողության ժամանակ թշնամու հարցակումից վաղեցած ու աղոթող կանայք: Խոսում են նաև, որ այս հսկա քարերը այստեղ են բերվել օտար քաղաքակրության ներկայացուցիչները (այլմոլորակայինները), սակայն այս վարկածը իհարկե ապացուցված չէ: Փոխարենը հայ գիտնականներից մեկը՝ Պարիս Հերունին, բազմաթիվ փաստարկներով ապացուցել և հիմնավորել է, որ այս տարածքն իրականում աշխարհի ամենահին աստղադիտարանն է: Ունի մոտ 6-7000 տարվա պատմություն: Այն շատ ավելի հին է, քան Անգլիայի Սթոունհենջը (թարգմանաբար՝ քարերի փունջ): Հետաքրքիրն այն է, որ Քարահունջի, Սթոունհենջի ու Եգիպտական բուրգերի միջև ընկած հեռավորությունը բացարձակապես նույնն է! Այստեղ օղակաձև դասավորված են մի քանի հարյուր հսկա քարեր, որոնցից 223-ը համարակալված են, իսկ 84-ի վրա հատուկ խնամքով փորված անցքեր կան: Պարզվում է, որ այս անցքերի միջոցով հնում մարդիկ կարողացել են հետևել ու ուսումնասիրել Արևի, Լուսնի, աստղերի ու տարբեր համաստեղությունների շարժը: Տեղադրված քարերից մի քանիսը ցույց են տալիս հորոսկոպի նշանները, որոնք նույնպես օգտագործվել են աստղերին հետևելու և գուցե նաև գուշակություններ անելու համար: Այսպես, օրինակ, համար 63 քարը ներկայացնում է Խոյ-ին, որի վրա արված անցքի միջոցով որոշել են տարվա սկիզբը, քանի որ ամեն տարի գիշերահավասարի օրը, ուղիղ կեսօրին, Արևն անցնում է հենց այդ քարի վրա արված անցքի միջով…  Այս վայրի մասին կարելի է անվերջ խոսել ու բանավիճել ստեղծման ու նպատակի մասին: Բայց անցնենք առաջ:
Հաջորդ վայրը, ուր կանգ առանք Տաթևի վանական համալիրն էր, որտեղ հասանք Տաթևեր ճոպանուղու միջոցով: Սա նույնպես պարծանքի արժանի մի բան է, քանի որ աշխարհում ամենաերկարն է իր տեսակով: Ճոպանուղով անցանք Հալիձորի կիրճի վրայով, որտեղից պարզ երևում էր Սատանի կամուրջը, Մեծ Անապատը, և կարելի էր անվերջ հիանալ տեղի բնությամբ: Ափսոս, որ մեր ուղևորությունը տևեց միայն 12 րոպե, չնայաց այդ ընթացքում անցանք 5.7կմ: 
Հասանք Տաթև: Սա Հայաստանի հզորագույն վայրերից մեկն է, որտեղ հնարավոր չէ անտարբեր մնալ թե բնության, թե պատմության և թե ճարտարապետական լուծումների նկատմամբ: Տաթևը մի վայր է, որ անցել է բազում չարչարանքների միջով, տուժել թշնամու հարձակումներից ու երկրաշարժերից, բայց այնուամենայնիվ կանգուն է մինչ օրս: 
Հիմնադրվել է 4-րդ դարում, սակայն հիմնական եկեղեցին՝ Պողոս-Պետրոսը, կառուցվել է 906թ.: Համալիրը բաղկացած է 3 եկեղեցուց՝ Պողոս-Պետրոս, Գրիգոր Լուսավորիչ, որին կից կառուցված է նաև Գրիգոր Տաթևացու դամբարանը, և Աստվածածին, ունեցել է խոհանոց, ճաշասրահ, ախոռ, մատենադարան, դպրոց, բաղնիք, ձիթհան և այլ շինություններ: Միջնադարում եղել է Հայաստանի հզորագույն համալսարաններից մեկը, որտեղ ուսումնասիրվել են մանրանկարչություն, աստվածաբանություն, երաժշտություն, փիլիսոփայություն և այլ առարկաներ: Ծառայել է որպես եպիսկոպոսանիստ վանք, որի խորհրդանիշ է եղել նաև բացառիկ ճոճվող սյունը՝ նվիրված Սուրբ Երրորդությանը: Այն կառուցվել է 904 թ. և նախատեսված է եղել տեղացիներին երկրաշարժի ու թշնամու հարձակումից զգուշացնելու համար, քանի որ այն անգամ գետնի թեթևակի ցնցումներից սկսել է ճոճվել՝ շեղված ծանրության կենտրոնի շնորհիվ: Սյունը ունի 8մ բարձրություն, կառուցված է 8-անկյուն 12 քարից, որոնք խորհրդանշում են 12 առաքյալներին, վերևում տեղադրված է խաչ, որն էլ իր հերթին Քրիստոսին է խորհրդանշում: Սյան վրա տեղադրված է նաև արևի ժամացույց, իսկ սյունն ինքը շրջապատված է եղել հրեշտակների արձանիկներով:

Տաթևում շրջելուց և պատմությանը ծանոթանալուց հետո շարունակեցինք մեր ճամփան, բայց մինչև հաջորդ մեծ կանգառն անելը կանգնեցինք նաև Սատանի կամրջի, ինչպես նաև Հարսնաքար կոչվող դիտակետի մոտ: Սա մի փոքրիկ շինություն էր՝ կառուցված խոր կիրճի եզրին, որտեղ ժամանակին զանգ է կախված եղել, իսկ այդ զանգի միջոցով մարդիկ ազդանշաններ են ուղարկել միմյանց: Ազդանշանային զանգերից մեկն էլ եղել է Տաթևի զանգը, և այս մասին իմանալով, Լենկթեմուրն անմիջապես վանքը գրավելուց հետո շիկացնում է այն, որի հետևանքով զանգի ձայնը խլանում է: Սա պատճառ է դառնում, որ տեղացիները զանգը հնչեցնելուց հետո կրկնեն՝ զանգն իզուր է, այստեղից էլ Սյունիքի մյուս անվանումն է ՝ Զանգեզուր:
Ճանապարհին կարճատև կանգառ արեցինք Գորիս քաղաքում ու տնական գարեջուր փորձեցինք: Այդ շոգ օրվա լավագույն հովացնող միջոցն էր, առավել ևս որ այն ալկոհոլային չէր: Քիչ անց հասանք Խնձորեսկ: Քայլեցինք դեպի տեղի կախովի կամրջի մոտ, սակայն մինչ այն անցնելը գնացինք Մխիթար սպարապետի գերեզմանի մոտ: Այստեղ կանգուն էին մնացել միայն մի քանի դամբարանաքարեր և հին սբ. Թադեոս եկեղեցու պատերի մնացորդներ: Ձորի մյուս կողմում պարզ երևում էին հին Խնձորեսկի քարանձավային բնակավայրերը, որոնց մոտ տանող ճանապարհը այդ կամուրջն էր: Դրա վրայով անցնելուց վտանգավոր գեղեցկության տեսարան էր բացվում: Կամրջից ներքև նայելիս մի հզոր ուժ կարծես ներքև էր քաշում, իսկ մի քիչ ուժեղ ճոճվելու դեպքում ընկնելու հավանականությունը բավականին մեծանում էր: Անցանք մյուս կողմ, որտեղ, ինչպես արդեն ասացի, Հին Խնձորեսկն էր, լի հարյուրավոր քարանձավներով, որտեղ մինչև 1960-ական թվականները մարդիկ են բնակվել: Այս քարանձավները Գորիսի քարանձավների պես ունեցել են մի քանի սենյակներ, նույնիսկ պատշգամբներ: Դրանցից քիչ հեռու գտնվում էր հետաքրքիր պատմություն ունեցող Սոնայի կրծքեր անունը կրող աղբյուրն ու սբ. Հռիփսիմե եկեղեցին: Բայց արդեն մութ էր, ու ցավոք մենք չկարողացանք շատ ժամանակ անցկացնել այս վայրում: Ստիպված էինք վերադառնալ: 
Լուսնի լույսով լուսավորված նեղլիկ արահետները մեզ բերեցին մեր մեքենաների մոտ: Բոլորս շատ հոգնած էինք բուռն ու հագեցած օրվանից հետո: Մեքենաների շարժվելուն պես բոլորս քուն մտանք ու մի քանի ժամ անց հասանք տուն՝ լի անմոռանալի զգացողություններով ու տպավորություններով: 
Սյունյաց աշխարհը լի է գաղտնիքներով, որ դեռ պետք է բացահայտվեն ու բարձրաձայնվեն ամբողջ աշխարհով: Մեր երկիրը իրոք թանգարան է բաց երկնքի տակ, և մենք պետք է հպարտ լինենք, որ Հայ ենք ու Հայաստան ունենք:  

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s