Սարյանական…

Բարև, իմ ընթերցող ։)
Վաղուց ոչինչ չեմ գրել հայերենով, որոշեցի սխալս ուղղել ու մի փոքր պատմություն ներկայացնել։ Սակայն այս անգամ պատմությունս կլինի ոչ թե ճամփորդությունների, այլ արվեստի մասին։ Մի փոքր կշեղվեմ իմ հիմնական ուղղությունից, բայց ոչինչ։ Հուսով եմ պատմությունս դուր կգա և գուցե նաև օգտակար կլինի։
Եվ այսպես, այսօր տեղափոխվում ենք հայ մեծանուն նկարիչ Մ․ Սարյանի տուն-թանգարան։ Այն գտնվում է Երևան քաղաքի հենց կենտրոնում, Սարյան փողոցի սկզբնամասում։ Իրենից ներկայացնում է երկհարկանի առանձնատուն, որին կից հետագայում կառուցվել է եռահարկ պատկերասրահը։ Առանձնատան ետնամասում փոքրիկ այգի կա՝ պտղատու ծառերով, որոնք գարնան ամիսներին ծաղկում ու գունավորում են բակը, իսկ ծաղիկների բույրը տարածվում է ամբողջ բակով մեկ։ Սարյանն անգամ այս հրաշագեղ տեսարանը ներկայացրել է իր նկարներում, որոնք ներկայացված են պատկերասրահներում։
Տան 2-րդ և 3-րդ հարկերը նույնպես ծառայում են որպես փոքրիկ պատկերասրահներ։ Ամեն հարկում կա մի քանի մեծ ու փոքր սրահ՝ տարանջատված ըստ թեմատիկայի։ Ներկայացված են նրա տարբեր տարիների աշխատանքները՝ կատարված յուղաներկով, ջրաներկով, կտավի կամ թղթի վրա, գծանկարներ և այլն։ Ու քանի որ նրա աշխատանքներում ներկայացված են իր իսկ կյանքից վերցված դրվագներ, մի փոքր պատմեմ մեծն նկարչի կենսագրությունից։
Աշտարակի մայիսյան ծաղիկներ, 1947
Ծնվել է 1880թ․ Նոր Նախիջևանում, որն այժմյան Դոնի Ռոստով քաղաքի մի մասն է կազմում։ Նրա առաջին այցը Հայաստան եղել է 1901թ․։ Մի քանի տարի անց նաև ճանապարհորդել է Եգիպտոսում, Պարսկաստանում, Թուրքիայում և Վրաստանում։ Ճամփորդությունների ընթացքում ուսումնասիրել է ժողովրդի պատմությունն ու մշակույթը, որը հետագայում պատկերել է կտավների վրա։ 1921թ․ Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան և բնակություն հաստատում այստեղ, որտեղ էլ մահանում է 1972թ․ մայիսի 5-ին։ 1967թ․  նկարչի կենդանության օրոք բացվում է Սարյանի տուն-թանգարանը, որտեղ և մենք այսօր շրջելու ենք։
Ինչպես արդեն նշեցի՝ տան վերին հարկերում ներկայացված են նկարչի աշխատանքները՝ սկսած 16 տարեկանից։ 3-րդ հարկում նրա վաղ ժամանակաշրջանի կտավներն էին, որոնց մեջ ներկայացված են նաև մշտական ցուցադրության մեջ ընդգրկված “Ինքնադիմանկարը”, ինչպես նաև “Մոր դիմանկարն” ու “Մաքրավանքը”։ Մշտական ցուցադրության են ներկայացված նաև “Քայլող կինը”, “Եգիպտական դիմակներով նատյուրմորտը”, “Ջրհորի մոտ․ շոգ օր” և շատ այլ ստեղծագործություններ։ 
Ինքնադիմանկար, 1909
Թանգարանի 2-րդ հարկում ներկայացված աշխատանքները հիմնականում պատկերում են Հայաստանի բնաշխարհը․ լեռներ, գյուղեր, ծաղիկներ, կյանք։ Այստեղ է գտնվում Վարպետի արվեստանոցը, որտեղ այցելուները նույնպես հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ պայմաններում են ստեղծվել Սարյանի գունագեղ կտավները։ Այստեղ ևս պատերը զարդարված են նրա աշխատանքներով, իսկ սենյակում նույնությամբ ներկայացված են նկարչի կախարդական գործիքները՝ վրձիններն ու ներկերը, ներկապնակներն ու մոլբերտները։ Արվեստանոցում է գտնվում նաև նկարչի բրոնզե դիմաքանդակը։
Բայց թանգարանում հանրությանը ցուցադրված նկարները ֆոնդում պահվող նմուշների միայն մի փոքր մասն են կազմում։ Իրականում թանգարանում պահվում են 300-ից ավել աշխատանքներ, որոնք տարիների ընթացքում պարբերաբար փոփոխվում են՝ մեզ հնարավորություն տալով հիանալ նրանցով։ Բայց սա նույնպես ամենը չէ։ Սարյանական գույներով են զարդարված նաև Հայաստանի Պետական Պատկերասրահը, Տրետյակովյան պատկերասրահը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարանները և մասնավոր հավաքածուները։
Եվ ահա մենք տուն-թանգարանի 1-ին հարկում ենք։ Այստեղ նույնությամբ պահպանված է այն միջավայրը, որտեղ ապրել է Սարյանը։ Մի ամբողջ սենյակ հատկացված է նկարչի կյանքի, գործունեության տարբեր տարիներին, ցուցադրված են նրա պատվոգրերն ու վկայականները, շքանշաններն ու պատկերազարդ գրքերը, հագուստն ու առօրյա օգտագործման պարագաները։ 
Համեստ կահավորված սենյակներում տիրում է երբեմնի խաղաղ մթնոլորտը։ Թվում է, թե հիմա դուռը կբացվի, ու ներս կմտնի Վարպետը՝ ձեռնափայտը ձեռքին։ Լուսավոր հյուրասենյակում, պատուհանի մոտ, դրված է սև ռոյալ, իսկ մյուս անկյունում լայն ու հարմարավետ թախտ։ Հնաոճ, բայց լավ պահպանված պահարաններում իրենց տեղն են զբաղեցրել ընտանիքի կահ-կարասին։ 
Հյուրասենյակից կարելի է մտնել 2 այլ սենյակներ, որոնցից մեկը Սարյանի ննջարանն էր՝ կահավորված փոքրիկ մահճակալով ու պահարանով, իսկ մյուսը նրա որդու` մեծանուն կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի սենյակն էր, որտեղ իր ուրույն տեղն էր զբաղեցնում վերջինիս դաշնամուրը։ Սենյակի պահարաններում իրենց տեղն էին գտել նաև կոմպոզիտորի ստեղծագործությունները, ինչպես նաև բազում ընտանեկան լուսանկարներ։ 
Բոլոր սենյակներում առկա են տեղեկատվական թերթիկներ՝ տարբեր լեզուներով։ Այսպիսով հնարավորություն է տրված այցելուներին լինել հնարավորինս տեղեկացված նկարչի, նրա ընտանիքի անդամների կյանքի ու գործունեության վերաբերյալ։
Ուշադիր լինելու դեպքում կարելի է նկատել, որ նկարչի անուն-ազգանունը տարբեր տարիներին, տարբեր փաստաթղթերի վրա, ինչպես նաև նկարների վրա արված ստորագրություններում տարբեր կերպ է նշվում։ Անվան վերաբերյալ կարելի է հանդիպել Մարտին, Մարտիրոս նշումները, հայրանունը հաճախ բացի Սարգսից նշվել է նաև Սերգեյ, իսկ ազգանունը ամենաշատ փոփոխվածն է։ Սարյանն իր վաղ տարիքի աշխատանքների վրա ստորագրել է որպես Սարիյանց, սական մինչ այդ կոչվել է Սարիև, որը ռուսական տարածքում ապրելու հետևանքն էր։ Հետագայում նա փոխում է ազգանունը և այդուհետ կոչվում Սարյան։ 
Ցանկացած թանգարան մուտք գործելու համար անհրաժեշտ է տոմս ձեռք բերել։ Այստեղ ևս տոմսարկղը առաջին հարկում է, որի միջով կարելի է նաև դուրս գալ թանգարանից։ Այստեղ բացի մուտքի տոմսերից կարելի է ձեռք բերել մի շարք հուշանվերներ ու գրքեր, նկարներ, բացիկներ, ինչպես նաև փոքրիկ շոկոլադե սալիկներ՝ փաթեթավորված Սարյանի բնապատկերներով գունազարդված թղթերով։
Անխոս, սա այն վայրն է, ուր կարելի է կրկին ու կրկին վերադառնալ, ստանալ գեղագիտական հաճույքի հերթական չափաբաժինը ու հեռանալ լիարժեք վերալիցքավորված, սակայն նորից վերադառնալու ակնկալիքով։
Ճիշտ է, այսօրվա գրառումս ոչ մի նոր երկրի կամ քաղաքի մասին չէր, սակայն կարծում եմ, որ ոչ պակաս ուղևորություն էր դեպի անցյալ, որտեղ ամեն ինչ ներկայացված էր ուրույն գույներով, պայծառությամբ ու տրամադրությամբ։ Հուսով եմ՝ կարողացա գոնե փոքր ինչ փոխանցել Սարյանական գունագեղ տրամադրություն։ Իսկ թեման ուզում եմ ամփոփել մեծն նկարչի խոսքերով․

“Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում է բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք․ ահա այն, ինչ ես երազել եմ։”


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s