Քարանձավախուզությունը արկած է, սպորտ, գիտական ուղղություն: Վերջին տեսակետից ՀՀ-ն հրաշքների երկիր է, քանի որ ունի այնպիսի քարանձավներ, որոնք դեռ մինչև վերջ ուսումնասիրված չեն և միայն Աստված գիտե, թե ինչ հրաշքներ են թաքցնում իրենց մեջ այդ ստորգետնյա լաբիրինթները: Ինձ միշտ հարցրել են, թե ինչ կարող ենք տեսնել քարանձավներում: Պատասխանեմ,- հրաշալի քարե սիմֆոնիաներ, բնական քանդակներ` անհավատալի ֆորմաների և գույների, ջուր, փոշի, երկար, մութ և հետաքրքիր անցուղիներ, գետակներ, լճակներ և իհարկե մեզ նման տարօրինակ մարդկանց:
ՀՀ-ում կան քարանձավների տարբեր տեսակներ.
. Մարդածին քարանձավները ամենատարածվածներն են նաև ամբողջ աշխարհում: Դրանք ստեղծվել են կամ ամբողջովին մարդկանց կամ մասամբ մարդկանց, մասամբ բնության կողմից: Կարող են ծառայած լինել, թե որպես ժամանակավոր կացարան, թե որպես արհեստանոց, թե որպես գինեգործարան (Թռչունների քարանձավը), որպես անգամ թատրոն (Հին Գորիս կամ Գորիս Գյուղը), սրբավայր (Ենոքավանի >), սղնախ` պաշտպանության, թաքնվելու և նույնիսկ գանձեր թաքցնելու համար (Լաստիվերի և Ազոխի քարանձավները), և անգամ մի ամբողջ ստորգետնյա քարանձավ-քաղաք-համակարգ նախամարդկանց համար (Մագելի քարանձավը):
. Սյունային քարանձավները բաղկացած են իրար միացած մի քանի մեծ ժայռերից կամ քարակտորներից: Սովորաբար դրանք բավականին փոքր են և առանձնահատուկ հետաքրքրություն չեն ներկայացնում:
. Կարստային քարանձավները ըստ մեզ ամենագեղեցիկ և գիտական տեսանկյունից ամենահետաքրքիրն են: Կարող են հասնել ահռելի և անհավատալի չափսերի: Դրանց թվին են պատկանում >, > և վերջերս մեր ակումբի անդամներ կողմից հայտնաբերված մի քանի դեռևս անուն չկրող քարանձավները, որոնցից մեկը իր մեծությամբ մարտահրավեր է նետում անգամ >: Վերը նշվածները դեռևս ամբողջովին ուսումնասիրված չեն և առայժմ պատրաստ չեն էքստրեմալ տուրիզմ հասկացության համար, սակայն ամենայն հավանականությամբ շուտով պատրաստ կլինեն:
Ամենատարածված հարցերից մեկը – Իսկ քարանձավները վտանգավոր են
Պատասխանեմ, որ քարանձավները այնքանով են վտանգավոր, որքանով դուք եք վտանգավոր ձեզ համար… Մանրամասնեմ. քարանձավախուզությունը սպորտ է մտածողների համար: Խելացի և սառը դատող սպորտսմենների համար վտանգը հասնում է մինիմումի:
Այն հարցին, թե ովքեր կարող են գնալ քարանձավներ` կանայք, տղամարդիկ, ինչ տարիքի անձինք ընդհանրապես և այլն կպատասխանեմ միանգամից: Սեռական ոչ մի սահմանափակում չկա, տարիքային սահմանը սկսում է մոտ 15 տարեկանից և վերջանում 60-ում: Բայց դա իհարկե անխախտ կանոն չէ: Իսկ այն անձինք, ովքեր ունեն կլաուստրաֆոբիա, վախ մթության հանդեպ, անհաղթահարելի հիստերիկ վախ չղջիկներից, խորհուրդ ենք տալիս ընդհանրապես մոռանալ քարանձավների մասին:
Քարանձավներում ամենատարածված վտանգներն են
Անկումները
Հիշեք, որ մթության մեջ ամեն ինչ` ժամանակը, տարածությունը լրիվ ուրիշ ձևի են ընկալվում: Եթե դուք տանը կամ փողոցում կարող եք ցատկել երեք մետր բարձրությունից, ապա քարանձավում անգամ քսան սանտիմետրը կարող է ճակատագրական լինել թեք վայրէջքի, թաց քարի կամ ընդհանրապես անկման անհարմար անկյան պատճառով: ՄԻ ՑԱՏԿԵՔ ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ: Հիշեք նաև, որ վնասված մարդուն քարանձավից դուրս հանելը սարսափելի բարդ է և շատ անգամ նույնիսկ անհնար: Հնարավորինս խուսափեք կամ ընդհանրապես բացառեք կտրուկ թեքությամբ անկումներից: Շրջանցեք դրանք: Միշտ պահպանեք 3 հենարանի կանոնը, համաձայն որի հարկավոր է միշտ ունենալ 3 ֆիքսված վերջույթ` 2 ձեռք, 1ոտք կամ 2 ոտք և 1 ձեռք: Միայն բացառիկ դեպքերում, երբ 2 ոտքերը ամուր ֆիքսված են, օգտագործեք 2 ձեռքը միաժամանակ:
Փլուզումները
Քարանձավները միլլիոնավոր տարիներ կանգուն են մնացել , սակայն դա չի խոսում նրանց բացառիկ ամրության մասին. Ամեն ինչ կարող է դարերով անշարժ մնալ հենց միլիգրամների կամ միլիմետրերի ճիշտ համընկման շնորհիվ: Նույնիսկ բարձր խոսքը, ծիծաղը կարող են փլուզման պատճառ դառնալ: Ձեռք մի տվեք շարժվող քարերին կամ պատերին. դրանով դուք վտանգում եք ձեզ և ձեր ընկերներին:
Օդի պակասը, թունավոր գազերը
Քարանձավներում թեթև բրիզը արդեն վկայում է, որ օդը շարժուն է և նման վտանգ արդեն չկա: Սակայն եթե զգում եք, որ շնչառությունը ծանրացել է և զգալիորեն դժվարացել, ապա անհրաժեշտ է անհապաղ դուրս գալ տվյալ վայրից: Կան քարանձավներ, որտեղ միլլիոնավոր չղջիկներ են ապրում և նրանց կեղտը` guano-ն արտանետում է թունավոր գազ: Զգուշացեք նման քարանձավներում կամ տվյալ սրահներում հայտնվելուց: Որոշ քարանձավներ կարող են պարունակել նաև անգույն և անհոտ թունավոր գազեր, որոնք առանց համապատասխան տեխնիկայի գրեթե անհնար է նկատել: Նման վայրերում հաճախ կարող եք հանդիպել կենդանիների դիակների: Անպայման ուշադրություն դարձրեք այդ փաստին:
Մոլորվելը
Երբեք և ոչ մի դեպքում քարանձավ մի մտեք միայնակ, առավել ևս առանց ՈՒՂԵԿՑՈՐԴԻ: Մինիմում խումբը երեք հոգին է: Դա նախատեսում ենք այն դեպքերի համար, երբ անդամներից որևէ մեկը վնասվել է, մյուսը գնում է օգնության հետևից, ապա երրորդը կմնա վնասվածի կողքին, քանի որ հոգեկան աջակցությունը ավելի քան կարևոր է: Քարանձավում ամեն ինչ և ամեն անգամ կարող է դիտվել որպես անծանոթ օբյեկտ և պատճառ հանդիսանալ մոլորվելու և կորելու համար: Տվյալ դեպքում հարկավոր է գումարել բոլորի > և ստեղծել հետդարձի մի ամբողջական պատկեր: Մի առանձնացեք խմբից: Իսկ եթե դա արդեն պատահել է, ապա մի փորձեք ինքնուրույն գտնել հետդարձի ճանապարհը. նստեք տեղում և սպասեք ուղեկցորդին կամ խմբի մյուս անդամներին:
Hypothermia ( մարմնի ջերմաստիճանի կորուստ )
Քարանձավներում սովորաբար թաց է և ցուրտ: Երբ դուք ոգևորված եք, ապա կարող եք չզգալ ցուրտը և շատ արագ սառել: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս վերցնել մի քիչ ավելի շատ հագուստ, քան հարկավոր է: Բնական գործվածքները գերադասել են: Ցանկալի է կրել բրդյա հագուստ. այն տաք է պահում անգամ թաց ժամանակ: Մեծ ուշադրություն դարձրեք նաև ոտքերին, քանի որ նրանք առաջին հերթին են թրջվում: Այստեղ բրդյա զուգագուլպաները նույնպես գերադասելի են: Ոտքերը կարող են թաց լինել, եթե նույնիսկ ամբողջ ընթացքում մարմնի մնացած մասը չոր է: Սառելու դեմ պայքարելու լավագույն միջոցը անդադար և ծանր ֆիզիկական ակտիվությունն է:
Մթությունը
Եթե միայն լսել եք կատարյալ մթություն հասկացության մասին, ապա քարանձավում այն կարող եք նաև զգալ: Մի մոռացեք միշտ վերցնել լրացուցիչ լույսի աղբյուր` երկու լուսարձակ և յուրաքանչյուրի համար լրացուցիչ էներգիայի աղբյուր: Մթության պատճառով կարող եք չնկատել սպասվող վտանգները: ՇԱՐԺՎԵՔ ԴԱՆԴԱՂ, ՈւՇԱԴԻՐ ԵՎ ՄՏԱԾԵԼՈՎ: Մթությունը միայն լույսի բացակայությունն է և իր մեջ չի պարունակում ոչ մի միստիկ կամ սարսափելի բան: Պանիկան կարող է ահավոր վատ հետևանքներ ունենալ: Վերցրեք նաև մի քանի հատ մոմ և չթրջվող լուցկիներ:
ԸՆկնող իրերը
Ցանկացած շարժվող քար արդեն վտանգ է: Քար ընկնելու դեպքում խմբի անդամներին զգուշացրեք > բառով: Սա միակ դեպքն է, որտեղ թույլատրվում է բարձրաձայն գոռալքարանձավում: Լսելով նույն բառը, բոլորով նայեք վերև, եթե նույնիսկ գոռացողը ներքևում էր, քանի որ գուցե հենց նա էր նկատել ձեզ վրա գլորվող վտանգը:
Ետգրություն.
Վախով վարակվելու դեպքում կենտրոնացեք, հասկացեք, որ դա միայն ի վնաս է: Մի պահ փակեք աչքերը, խորը շունչ քաշեք և արտաշնչեք: Այդպես շարունակեք այնքան անգամ մինչև կզգաք թեթևություն:
Հատուկ ուշադրություն դարձրեք գլխի անվտանգությանը, քանի որ դա առաջին և լավագույն օգնականն է քարանձավում, եթե իհարկե այն սարքին վիճակում է: Իսկ եթե այն չի աշխատում, այդ դեպքում նույնիսկ մի մոտեցեք քարանձավին. դուք այնտեղ կհանդիսանաք ակամա և իդեալական մարդասպան, պոտենցիալ և կինետիկ վտանգ ամբողջ խմբի համար: Սաղավարտը իհարկե լավ բան է, սակայն որոշ դեպքերում այն նաև խանգարում է:
Քարանձավախուզությունը ԱՅՆ ՄԻԱԿ ՍՊՈՐՏԱՁԵՎՆ Է ՈՐՏԵՂ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ :Այստեղ գլխավորն անվտանգությունն է: Մի տառապեք ցուցամոլությամբ: Դուք ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեք և պարտք եք բոլորին` օգնեք, աջակցեք և կարեկցեք անհրաժեշտության դեպքում:
Ամբողջ զարդեղենը թողեք դրսում: Ծռված մատանին կարող է մատի կորստի պատճառ դառնալ կամ անտանելի ցավ առաջացնել: Մի վերցրեք ոչ մի ավելորդ բան:
Քարանձավախուզության համար պարտադիր իրերի ցուցակ
- Լուսարձակ
- Լրացուցիչ լուսարձակ
- Չթրջվող լուցկի և մոմ
- Էներգետիկ սնունդ
- Մինիմում 0,5 լ ջուր
- Ձեռնոցներ
- Հարմար, տաք, ոչ հաստ և պինդ հագուստ (լրացուցիչ)
- Սաղավարտ կամ պաշտպանիչ գլխարկ, կապոց և այլն
- Առաջին բուժօգնության փոքրիկ կապոց
Հիշեք.
Տվյալ տեքստում նշված են միայն վտանգները, իսկ քարանձավում ձեզ սպասող հրաշքներն ու հեքիաթները բացահայտեք ինքներդ:
Քարանձավները ոչ թե համարձակների, այլ համարձակ-խելացիների համար են:
Ամբողջ տեքստը կազմված է միայն սեփական փորձի վրա, Հայաստանի Էքտրեմալ Սպորտաձևերի և Էքստրեմալ Տուրիզմի Ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանի և ակումբի քարանձավախուզության խմբի անդամների կողմից:
Հարգանքներով` Armenian Extreme Club